Տնտեսություն

Ճանապարհների որակի հարցում պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն շինարարները, այլ նաև տեխնիկական վերահսկողները. Փաշինյան   

3 րոպեի ընթերցում

Ճանապարհների որակի հարցում պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն շինարարները, այլ նաև տեխնիկական վերահսկողները. Փաշինյան   

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ֆրանսիական «Սաֆեժ» ընկերությանը ֆրանսիական օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված փաստաթղթերի հիման վրա թույլատրեց Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում զբաղվել «քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» և «շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ Ֆրանսիայի օրենսդրությամբ սահմանված կարգով «Սաֆեժ»-ը ստացել է որակավորման վկայագիր տրված Ճարտարագիտության, շինարարության, արդյունաբերության որակավորման մասնագիտական կազմակերպության (OPQIBI) կողմից, ինչպես նաև ISO վկայականներ՝ տրված Ստանդարտացման ֆրանսիական միության կողմից: «Դրանք հավաստում են, որ կազմակերպությունն ունի անհրաժեշտ կարողություններ «քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» և «շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակներով զբաղվելու համար»,- ասաց Կարապետյանը:

Իրավական ակտի ընդունման արդյունքում «Սաֆեժ»-ը ձեռք կբերի ծրագրի շրջանակում «շինարարության որակի տեխնիկական հսկողություն» և «քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք, ինչը հնարավորություն կտա ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովել ծրագրի բնականոն ընթացքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց, որպեսզի վերահսկող ընկերությանը պայմանագրով իրազեկվի, որ ինքն է կրելու պատասխանատվություն որակի վերահսկման հարցում:

«Անհրաժեշտ է փաստաթղթերը նայել այս տեսակետից և ապահովել, որ տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների վրա դրվի այսպիսի պատասխանատվություն: Ճանապարհները պետք է կառուցվեն որակյալ, եթե այդպես չլինի, ապա պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն շինարարները, այլ նաև տեխնիկական վերահսկողները: Եթե դրա համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ, ապա մենք պետք է այդ ճանապարհով գնանք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում