Արցախ

Արցախի Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր

3 րոպեի ընթերցում

Արցախի Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսից սկսած, լարվածությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նաև գիշերվա ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից, ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանն ապրիլի 22-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստակամության աստիճանը՝ տալով հետագա գործողությունների համար մի շարք ցուցումներ, հանձնարարականներ:

Բանակի հրամանատարի խոսքով՝ թեև այսօր իրավիճակը լարված է, սակայն այն ամբողջությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակառակորդի սադրանքները կանխելու համար:

«Որոշակի փոփոխություն է նկատվել զորքերի տեղաշարժման առումով: Եթե նախկինում այդքան տեղաշարժ չկար, և եղածները հիմնականում պայմանավորված էին մարտական հերթապահության մեջ ընդգրկված ստորաբաժանումների ապահովման հարցերով, ապա հիմա այլ բնույթի շարժեր կան, ավելի շատ զրահատանկային ստորաբաժանումների, հատկապես տանկերի և հետևակի մարտական մեքենաների: Ի դեպ, ոչ միայն մի ուղղությամբ, այլ՝ տարբեր: Մենք հետևում ենք իրենց գործողություններին, անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կանենք: Ապրիլի սկզբից սկսած նորից են զորավարժություններ անցկացնում, դա պայմանվորված է ինչ-ինչ առիթներով»,-ասաց Լևոն Մնացականյանը:

Թե ինչով է պայմանավորված հակառակորդի կողմից դրսևորվող նման ակտիվությունը, բանակի հրամանատարը պարզաբանեց հետևյալ կերպ:

«Կհամարեի, որ այդ աշխուժությունը կապված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ: Ես կհորդորեի, որ նման անկարգություններ հրահրողները հետևություն անեին, իմանան, որ մենք ունենք գերխնդիր՝ Արցախի Հանրապետության ձեռք բերած անկախության օրինական հաստատում և բոլորս պետք է մեր ջանքերն ուղղենք հենց այդ նպատակին, այլ ոչ թե ինչ-ինչ նեղ խմբերի կարծիքներ ներկայացնել որպես իրականություն»,-ասաց Լևոն Մնացականյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում