Տնտեսություն

Ինչ ազդեցություն կունենա ռուբլու արժեզրկումը. Մանասերյանը ՌԴ տնտեսության զարգացման կայունություն է տեսնում  

3 րոպեի ընթերցում

Ինչ ազդեցություն կունենա ռուբլու արժեզրկումը. Մանասերյանը ՌԴ տնտեսության զարգացման կայունություն է տեսնում  

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վերջին օրերին ռուբլու արժեզրկումը պայմանավորում է ավելի շատ դոլարի և եվրոյի փոխարժեքների կայունացմամբ ու արժևորմամբ, ինչը նախկինում գրանցված արժեզրկման հետ զուգահեռներ անցկացնելու առիթ չի տալիս: «Ընդհանուր առմամբ` Ռուսաստանի տնտեսությունը վերջին շրջանում կայուն զարգացումների մեջ է ու, կարծում եմ, որ դա դեռ կշարունակվի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից մի շարք ռուս գործարարների և պաշտոնատար անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն` Թաթուլ Մանասերյանը նշեց, որ դրանից Հայաստանը կարող է միջորդավորված բացասական ազդեցություն կրել: «Չեմ կարծում, որ դրանից մեծ ազդեցություն կարող է լինել, քանի որ, ըստ էության, չկան այդպիսի նախագծեր, որոնցում Հայաստանի մասնակցությունը խնդիր առաջացնի Միացյալ Նահանգների կառավարության համար: Հայաստան-Միացյալ Նահանգներ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են: Ուզում եմ հիշեցնել, որ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելիս էլ ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտեցել ՀՀ-Իրան զարգացման հեռանկարներին»,-ասաց տնտեսագետը:

Այնուամենայնիվ, ՌԴ-ում գործող առանձին անձինք, ծագումով հայ գործարարներ կարող են այդ պատժամիջոցներից անմիջական վնասներ կրել: «Իսկ Հայաստանը հետագա միջնորդավորված բացասական ազդեցություններից զերծ մնալու համար պետք է ձևավորի ազգային օրակարգ ու հնարավորինս բազմազանեցնի թե ՀՆԱ ներքին արդյունքի կառուցվածը, թե արտահանման կառուցվածքը»,-ասաց Թաթուլ Մանասերյանը` հավելելով, որ անհրաժեշտ է բացառել կախվածությունը մեկ առանձին ճյուղից ու երկրից:

Նրա խոսքով` փորձը ցույց է տվել, որ ռուսական ռուբլու անկման պայմաններում ընկնում է գնողունակությունը հատկապես արտահանվող ապրանքների դեպքում, ինչն էլ հանգեցնում է հայկական ապրանքների ավելի դանդաղ ու քիչ քանակներով իրացվելուն:

ԱՄՆ-ն ապրիլի 6-ին հայտարարել է 38 ռուսաստանցի գործարարների, պաշտոնյաների ու ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին: Ապրիլի 10-ի դրությամբ դոլարի փոխարժեքը գերազանցել է 63 ռուբլին, իսկ եվրոնբարձրացել է մինչև 78 ռուբլի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում