Հասարակական

Մեկնարկեց «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնում ապրիլի 9-ին մեկնարկեց «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը: Այն անցկացվում է Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնների Գյումրու և Երևանի մասնաճյուղերի, Մ. Վ. Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, ԵՊՀ-ի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հարթակներում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 5-օրյա ուսումնական ծրագրին մասնակցում են ուսանողներ: Մեդիա-մարաթոնը կազմակերպվել է Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից, Գիտության և մշակույթի ռուսաստանյան Երևանի մասնաճյուղի, «Ռազմավարական նախագծերի կենտրոն» ԱՀԿ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Հայաստանում ռուսաստանյան բուհերի ասոցիացիայի աջակցությամբ: Միջոցառումն իրականացվում է Նախագահական դրամաշնորհների ֆոնդի կողմից հատկացված միջոցներով: «Սա գերազանց հնարավորություն է սկսնակ և երիտասարդ լրագրողների համար լրագրության, իրադարձությունների լուսաբանման, նյութերի տարածման և թիրախային լսարանների հետ աշխատանքի բնագավառում նորագույն մեթոդներին ծանոթանալու:

Միջոցառման շրջանակում նախատեսված են ռուսաստանյան առաջատար լրագրողների, փորձագետների, քաղաքագետների կողմից վարպետության դասեր, դասախոսություններ, սեմինարներ, թրեյնինգներ, որոնք կոչված են բարձրացնելու ԵԱՏՄ շրջանակում հայ-ռուսական հարաբերությունների թեմայով տեղեկատվական ապրանքի որակը, դրա օբյեկտիվությունը, ինչպես նաև ընդլայնելու երիտասարդ և ապագա լրագրողների աշխարհայացքը և պրոֆեսիոնալիզմը՝ ռուսաստանյան ուղղությամբ աշխատանքում»,- իր խոսքում նշեց Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի գործադիր տնօրեն Անդրեյ Ռուսակովը:

«Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Հայաստանում ՌԴ դեսպանատանը: Մեդիա-մարաթոնի շրջանակներում կանցկացվի նախագծերի և լուսանկարների մրցույթ: Հաղթողները կստանան արժեքավոր նվերներ և Ռուսաստանում վերապատրաստվելու հնարավորություն։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում