Կարծիքներ

«Ադրբեջանում ընդգծված հակահայկական քարոզչություն կա». ադրբեջանագետ 

2 րոպեի ընթերցում

«Ադրբեջանում ընդգծված հակահայկական քարոզչություն կա». ադրբեջանագետ 

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ղարաբաղյան գործոնը երբեք հիմք չի հանդիսացել ընդդիմություն-իշխանություն համագործակցության համար: Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը կարծում է, որ դա խաղաքարտ է բանավեճերի համար:

Նա անդրադարձավ մարտի 31-ին Ադրբեջանում տեղի ունեցած հանրահավաքին, որին մասնակցում էին քաղաքական ուժերը: Գլխավոր ընդդիմադիրները բոյկոտել են ընտրություններն ու հայտարարել, որ նախատեսված ժամանակը բավարար չէ ընտրություններին պատրաստվելու եւ մասնակցելու համար:

«Ուշագրավ է այն, որ հանրահավաքներին, բացի սոցիալական խնդիրներն առաջ քաշելուց, կոռուպցիայի դեմ պայքարի կոչերից, հնչում էին կարծեցյալ հայկական ահաբեկչությունը դատապարտելու, Ղարաբաղը վերադարձնելու պահանջներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետը:

Չնայած այս ամենին՝ Տաթեւիկ Հայրապետյանը նշեց, որ Ադրբեջանում ընդդիմությունը վերահսկվում է, եւ միգուցե հենց իշխանությունն էր ցանկանում, որ հնչի հակահայկական քարոզչություն:

«Ադրբեջանական դիրքորոշումն ընտրություններից հետո ավելի կկոշտանա: Հռետորաբանությունն ինչ-որ առումով հանգեցնում է գործողությունների, այստեղ հռետորաբանական բլեֆի խնդիր կա, թե դու որքան հեռուն կարող ես գնալ քո հռետորաբանությամբ»,-ասաց նա եւ հավելեց, որ զգուշավորությունը հայկական կողմին չի խանգարի:

Բանախոսն ընդգծեց, որ ընդդիմության հակահայկական կոչերը պատահական չեն, քանի որ եթե խոսվեր երկրում առկա բռնատիրության, գործազրկության մասին, դա այլ հարց կլիներ, սակայն, նրա խոսքով, այնտեղ նկատվում է ընդգծված հակահայկական քարոզչություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում