Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Մրցանակաբաշխությունն անցկացվեց Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
«Թատրոնի բեմը այն վայրն է, որտեղ ծնվում են գաղափարներ, մտքեր, որոնք հանրությանն առաջնորդում են երազի երկիրը, հայրենիքը: Թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնված գաղափարները ազնվացնում, ջերմացնում են մեզ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նա հավելեց` հայտնի ճշմարտություն է, որ կինոն դերասաններին, մարդկանց դարձնում է հայտնի, հանրաճանաչ, հեռուստատեսությունը հարստացնում է, իսկ թատրոնը` ազնվացնում:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով` այսօրվա թատրոնն ունի տաղանդավոր ստեղծագործողներ և հանգիստ կարելի է ասել, որ թատրոնի վաղվա օրը առավել քան տեսանելի է:
«Լավագույնդերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Տաթև Ղազարյանը «Սովորական օր» ներկայացման համար:
«Լավագույնդերասան» անվանակարգում մրցանակը հանձնվեց միանգամից երկու ստեղծագործողի` Ավո Խալաթյանին «Ռևիզոր» ներկայացման համար և Միքայել Վաթինյանին «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար:
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Ջեմմա Աղամյանը «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:
«Լավագույն երիտասարդդերասան» անվանակարգում «Ատրավազդ»-ի արժանացավ Նարեկ Բաղդասարյան «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար:
«Լավագույն երիտասարդբեմադրիչ» համարվեցինՆորա Գրիգորյանը «9 ամիս» և Սարգիս Արզումանյանը «Անասնաֆերմա» ներկայացման համար:
«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեցին Մարիամ Մուրադյանը և Տաթև Հովհաննիսյանը:
«Լավագույնմանկական ներկայացում» համարվեց Պատանիհանդիսատեսի թատրոնում բեմադրված՝Ա. Միրիջանյան «Փոքրիկ ուրվականը»:
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի «Ռոմեո և Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը:
«Լավագույն պիես» համարվեց Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» համարվեց Քնարիկ Զաքարյանը:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Վահագն Գալստյանը:
«Արտավազդ» դեբյուտ դիպլոմներ հանձնվեցին Հռիփսիմե Նահապետյանին, Լաուրա Ստեփանյանին, Հարութ Մելիք-Բեկյանին, Պապ Իսպիրյանին:
«Արտավազդ» խրախուսական մրցանակը տրվեց բեմադրիչ Արմեն Սաֆարյանին Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա բեմադրված «Սալոմե» ներկայացման համար:
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը:
Հանձնվեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակը տրվեց տաղանդավոր դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ ճամպրուկի մեջ» ներկայացման համար:
Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Թատերական գործիչների ոսկե մեդալների արժանացան Վարուժան Խաչատրյանը և Գագիկ Թովմասյանը:
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են եղել ՀՀ ժողովրդական արտիստՀրաչյա Գասպարյանը,ՀՀ ժողովրդական արտիստՎահե Շահվերդյանը,ՀՀ արվեստի վաստակավոր գործիչԺիրայր Դադասյանը,ՀՀ արվեստի վաստակավոր գործիչՎիգեն Ստեփանյանը,պրոֆեսորԱննա Հեքեքյանը,թատերագետներ Նվարդ Ասատրյանը, Ռուզաննա Առաքելյան:
Միջոցառումն անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբնական շրջանում ունեցել է միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի ավելացվել է անվանակարգերի թիվը:
Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում, իսկ 2008 թվականից նշվում է մեծ շուքով: «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1–ը ընկած ժամանակահատվածում գործող թատրոնների ու թատերախմբերի կողմից բեմադրված և առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին: