Բակո Սահակյանը մասնակցել է ՀՀ անկախության 100-ամյակի համաժողովի բացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիաս քաղաքում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը նշել է, որ 1918 թվականը մեր ժողովրդի պատմության ամենաբեկումնային ժամանակահատվածներից էր, երբ հայ ժողովուրդը վերականգնեց դարեր առաջ կորցրած իր ազգային պետականությունը:

«Անկախ պետականության վերականգնումը սոսկ հռչակագիր չէր: Այն օտարի կողմից սկուտեղի վրա մեզ մատուցված պարգեւ չէր: Կործանման եզրին կանգնած մի ժողովուրդ, որ ընդամենը երեք տարի առաջ ենթարկվեց ցեղասպանության եւ սպանդի, իր մեջ ոչ միայն ուժ գտավ տեր կանգնելու սեփական ճակատագրին ու երկրին, այլ նաեւ վճռորոշ ճակատամարտերում ջախջախեց ցեղասպան թշնամուն: Նման զարգացումները եւ հաղթանակները առ այսօր ոմանց համար անհավատալի եւ առեղծվածային են թվում: Ոմանց, բայց ոչ մեզ, ոչ մեր ժողովրդի համար: Այսպիսի սխրանքի գաղտնիքը Աստծո եւ իր սեփական ուժերի հանդեպ մեր ժողովրդի անկոտրում հավատքի մեջ է, հարազատ հողի հետ մեկ ամբողջություն լինելու, անսպառ լավատեսության եւ անձնվիրության մեջ»,-ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Բակո Սահակյանը շեշտել է, որ 1918 թվականի սխրագործությունները եւ դարակազմիկ հաղթանակները մեր ժողովրդի համար տասնամյակներ ի վեր եղել են ներշնչման եւ ոգեւորության յուրահատուկ աղբյուր: «Դժվար է գերագնահատել այն լիցքը, որ դրանք հաղորդեցին մեր ժողովրդին Երկրորդ աշխարհամարտի տարբեր ճակատներում եւ Արցախյան ազատամարտի տարիներին: Հիմա էլ դրանք սփյուռքում եւ հայրենիքում մեր ժողովրդի ազգային հպարտության ու կենսունակության կարեւոր բաղադրամաս են հանդիսանում»,- նշել է Նախագահը:

Իր ելույթի վերջում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը կանգնած է ամուր եւ հաստատակամ՝ Մայր Հայաստանի ու սփյուռքի հետ միասին մաքառելու հանուն հայոց անկախ պետականության հետագա զարգացման ու զորացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հանուն պայծառ եւ հուսալի ապագայի: «Սա է մեր հերոսամարտերի խորհուրդը, եւ բոլորս պարտավոր ենք անել հնարավորն այս ուղղությամբ»,- եզրափակել է Բակո Սահակյանը:

Համաժողովին մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, Արցախի, սփյուռքի եւ տարբեր երկրների գիտական, քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ