Հասարակական

Հնդիկ ուսանողները ԵՊԲՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում են

3 րոպեի ընթերցում

Հնդիկ ուսանողները ԵՊԲՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում են

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ ուսանողներին վերաբերվող հարցերը եղել են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղար Գիտեշ Սարմայի և Երևանի մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի փետրվարի 27-ին կայացած հանդիպման առանցքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից՝ հավելելով. «Հնդկաստանից ժամանած դիվանագետը բարձր գնահատեց այն մեծ աշխատանքը, որը կատարում է պետական բժշկական համալսարանը հնդիկ ուսանողների ոչ միայն կրթության, այլև կացության, հանգստի կազմակերպման և այլ հարցերում:

Գիտեշ Սարման երեկ անձամբ է շփվել հնդիկ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ապագա բժիշկներից է տեղեկացել և տպավորված է, որ ուսանողները Հայաստանում բժշկական կրթություն ստանալու գործընթացում որևէ խնդիր չունեն:

ԵՊԲՀ ռեկտորը նշեց, որ հնդիկ ուսանողներն առանցքային դերակատարում ունեն այս համալսարանում: Նրանք աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ, համալսարանական մշակութային կյանքում ակտիվ ներգրավածությամբ:

Բուհի ղեկավարն ընդգծեց, որ հայ-հնդկական հարաբերությունները բժշկական կրթության ոլորտում ոչ միայն գործնական դաշտում են, այլև վաղուց փոխակերպվել են մարդկային ջերմ փոխհարաբերությունների, այդ մասին են վկայում, օրինակ, Սայաթ–Նովայի կամ Կոմիտասի հայերեն ստեղծագործությունները կատարող հնդիկ ուսանողները:

Ողջունելի է, որ բժշկական համալսարանն ունի նաև հայի հետ ամուսնացած հնդիկ աշխատակից՝ Ռահուլ Սետհին, ով այժմ սովորում է կլինիկական օրդինատուրայում և համատեղությամբ աշխատում է նաև ԵՊԲՀ նորաբաց Կարիերայի կենտրոնում:

Օրեր առաջ համալսարանի հնդիկ ուսանողների համար մեկնարկեցին Հնդկաստանի Հանրապետության արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության (Foreign Medical Graduates Examination (FMGE)) նախապատրաստական դասընթացները։ Ռեկտորի գնահատմամբ՝ այս դասընթացները ևս ուղղված են բժշկական կրթության միջազգայնացմանը: Արմեն Մուրադյանը շեշտեց, որ ԵՊԲՀ-ն միջազգայնացման քաղաքականություն է վարում և բուհի առաջնային նպատակն է պատրաստել միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ:

Նշվեց, որ առաջիկայում համալսարանական տարածքների ընդլայնման հետ կապված օրակարգում է օտարերկրացի ուսանողների հանրակացարանային պայմանների բարելավման հարցը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում