Հասարակական

Ազատամարտիկներն այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

2 րոպեի ընթերցում

Ազատամարտիկներն այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մի խումբ ազատամարտիկներ փետրվարի 25-ին այցելել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, մասնակցել Արցախյան շարժման 30-րդ և ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձերին նվիրված միջոցառմանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառման մեկնարկից առաջ ազատամարտիկները ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ միասին Հաղարծինի վանական համալիրում մասնակցել են Սուրբ պատարագին:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսության ընթացքում ազատամարտիկներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրի հիմնական ուղղությունները, զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների ընթացքը, անդրադարձել «Ազգ-բանակ» գաղափարի ռազմավարությանը, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, դրանց նպատակներին ու ակնկալվող արդյունքներին: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ 2018 թվականին ևս, բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակում, պաշտպանության նախարարությունը հանդես կգա նոր նախաձեռնություններով: Նոր ծրագրեր կիրականացվեն հատկապես սոցիալական, կրթական, ռազմարդյունաբերության ոլորտներում:

Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը գերատեսչական պարգևներ է հանձնել մի շարք ազատամարտիկների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում