Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին
2 րոպեի ընթերցում
![Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/923949.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդը«Սարոյան հաուս» նախագծին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից անցկացվող «Սարոյան հաուս» նախագծի շրջանակում նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասյանը և «Սարոյան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Բարլո Տեր-Մուգրդեչյանը փետրվարի 23-ին հանդիպել են Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդին և ներկայացրել նախագիծը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքապետին ներկայացվել են նախագծի հետագա ծրագրերը և թանգարանի հայեցակարգը՝ իր բոլոր նորարարական և ինտերակտիվ լուծումներով։
Բացումից հետո, Վիլյամ Սարոյանի կյանքի հայտնի և անհայտ բոլոր դրվագների մասին պատմող թանգարանը կդառնա Ֆրեզնոյի մշակութային և կրթական կենտրոններից մեկը։ Շեշտվել է նաև այն փաստը, որ Սարոյանն ունի համաշխարհային ճանաչում, և նրա անձի կարևորումը ոչ միայն հայկական սփյուռքի ձեռքբերումն է լինելու, այլև ողջ ամերիկյան հասարակության: Թանգարանում հյուրերը հնարավորություն կունենան անձամբ տեսնել Սարոյանին՝ հոլոգրամի միջոցով։
Թանգարանի բացումը նախատեսվում է 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի հոբելյանական 110-ամյակին։