ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մի շարք պատմամշակութային հուշարձաններ կվերականգնվեն
2 րոպեի ընթերցում
![ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մի շարք պատմամշակութային հուշարձաններ կվերականգնվեն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/923851.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի ավարտին կհասցվի առնվազն մեկ պատմամշակութային հուշարձանի վերականգնման աշխատանք։ 2018 թվականին նախատեսվում է ավարտել Ոսկեվազ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Այս հարցերի շուրջ փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
«2006 թվականից շարունակվող Քոբայրավանքի վերականգնման աշխատանքների արդյունքում զանգակատունը արդեն կառուցված է, վերջին երկու տարիներին աշխատանքներ են տարվում սեղանատան վերականգնման համար, շարունակվում է Սանահինի վերականգնման և ամրակայման գործընթացը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սամուելյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ արդեն վերականգնվել են Սուրբ Նշան, Սուրբ Աստվածածին եկեղեցիների, մագիստրոսական ճեմարանի տանիքները, իսկ այս տարի կսկսվեն գավիթի վերականգնման աշխատանքները։
Սամուելյանի խոսքով` Մայրավանքի շինարարական աշխատանքների իրականացման դեպքում 50 մլն ներդրում կկատարի պետությունը, իսկ 80 մլն մասնավոր ներդրողները:
Անդրադառնալով Գոշավանքին` փոխնախարարն ասաց, որ այնտեղ շարունակվում են աշխատանքները. գմբեթը, ծածկասալերն արդեն պատրաստ են, 2017 թվականին ավարտին են հասցվել Մխիթար Գոշի դամբարանի շուրջ աշխատանքները: