Արցախը նախորդ տարի հարկային եկամուտների աննախադեպ աճ է արձանագրել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը նախորդ տարի արձանագրել է հարկային եկամուտների գերակատարում՝ շուրջ 6 տոկոսով: Ակնկալվող 15 տոկոս տնտեսական աճի համար հիմք է հանդիսացել տնտեսական ակտիվությունը հանքաարդյունաբերության և արդյունաբերության այլ ճյուղերում: Աճը խթանելու համար հեռանկարային զարգացման ուղղություն է համարվում ՏՏ ոլորտը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ոլորտի նախորդ տարվա ձեռքբերումներից և այս տարվա անելիքներից խոսեց Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, նախորդ տարի տնտեսական աճի ի՞նչ ցուցանիշ է արձանագրվել Արցախում և ի՞նչ գործոններ են նպաստել դրան:

-Դեռևս պաշտոնական տվյալներ չունենք տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, հստակ պարզ կլինի մարտ-ապրիլ ամիսներին: Սակայն նախնական գնահատականներով մենք սպասում ենք բավականին բարձր՝ ընդհուպ 15 տոկոս տնտեսական աճ: Նման բարձր ցուցանիշի համար հիմք է հանդիսացել տարվա ընթացքում արձանագրված տնտեսական ակտիվությունը՝ առաջին հերթին հանքաարդյունաբերության, նաև արդյունաբերության այլ ճյուղերում: Գյուղատնտեսության ոլորտում 2017-ին ևս բավականին բարձր արդյունքներ են գրանցվել: Մեր գնահատականներով 15 տոկոս տնտեսական աճի մեջ հանքարդյունաբերության մասնաբաժինը կկազմի շուրջ 6 տոկոս, արդյունաբերության այլ ճյուղերինը՝ շուրջ 3, շինարարությանը՝ 2-3 տոկոս, իսկ մնացածը` ծառայությունների և այլ ոլորտների հաշվին:

-2018-ին տնտեսական աճի ի՞նչ ցուցանիշի եք ձգտում:

-Մենք ծրագրել ենք առնվազն 8 տոկոս տնտեսական աճ, սակայն մեր սպասումներն ավելի շատ են: Եվ կախված նրանից, թե ինչպիսի տնտեսական իրավիճակ և ներդրումային քաղաքականությունում ինչ հաջողություններ կունենանք, կարծում եմ՝ աճը կգերազանցի 8 տոկոսը:

- Աճը խթանելու համար Արցախը ո՞ր ուղղություններն է փորձում զարգացնել:

-Արցախի կառավարությունը տնտեսական քաղաքականության իրականացման որպես գերակա ուղղություն շեշտադրել է էներգետիկան: Մեծ թափ է ստանում հիդրոէներգետիկան: Կառավարությունը ներկայում նախատեսում է նաև վերականգնողական այլ աշխատանքներ: Սննդի, թեթև արդյունաբերության ճյուղերում որոշակի աշխատանքներ ևս կան: Իսկ ծառայությունների ոլորտում կառանձնացնենք տեղեկատվական տեխնոլոգիաները, որը գերակա ճյուղ է հայտարարված: Որոշակի աշխատանքներ են իրականացվում՝ ստեղծելու միջավայր, որ հայաստանյան և միջազգային ընկերությունները հիմնադրեն մասնաճյուղեր, վերցնեն պատվերներ: ՏՏ ոլորտն Արցախի համար կարող է լինել հեռանկարային զարգացման ուղղություն: Գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը ևս կարևոր ճյուղեր են: 2017-ն առանձնացավ զբոսաշրջիկների մեծ հոսքով: Զարգացնում ենք և պատմական, և էկոլոգիական զբոսաշրջությունը: Տարբեր ուղղություններով առանձին նախագծեր են նախատեսվում, իսկ պետությունն աջակցում է դրանց:

-Պարոն, Մարտիրոսյան, որո՞նք են հարկային ոլորտի նախորդ տարվա խոշորագույն ձեռքբերումները:

-Եկամուտների առումով 2017-ին արձանագրեցինք աննախադեպ ցուցանիշ՝ եկամուտների գերակատարում շուրջ 6 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 22 տոկոս աճ: Առնվազն վերջին 10 տարիների ընթացքում գերակատարման այդպիսի ցուցանիշներ չենք արձանագրել: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նման արդյունքն արձանագրվել է ոչ միայն հանքաարդյունաբերության ոլորտի աճի հաշվին: 2 մլրդ 200 մլն ընդհանուր գերակատարման 50 տոկոսից ավելին ապահովել են նաև ոլորտի այլ խոշոր հարկատուներ:

-Կառանձնացնե՞ք խոշոր հարկատուներին:

-Այս տարի առաջին հարկատուն հանքաարդյունաբերության ոլորտից է, երկրորդը՝ կապի ոլորտի օպերատոր է, իսկ երրորդ տեղում են մի շարք շինարարական կազմակերպություններ:

-Իսկ որո՞նք եք համարում ոլորտի այս տարվա մարտահրավերները:

-Մենք բավականին բարձր նշաձող ենք սահմանել մեզ համար՝ և տնտեսական աճի, և հարկային եկամուտների առումով: Մարտահրավերներ կլինեն հիմնականում գյուղատնտեսության ոլորտում, քանի որ տարին սկսվեց ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմաններով:

-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ այս տարվա պետական բյուջեում վերաբնակեցման նպատակով բնակարանաշինությանը մեծ ուշադրություն կդարձվի, այս առումով ի՞նչ քայլեր են նախատեսվում կամ արդեն արվել:

-2018-ին վերաբնակեցման համար նախատեսվում է տարբեր եղանակներով աջակցել վերաբնակեցման ցանկություն հայտնած ընտանիքներին: Օգնությունը կլինի շինանյութի տրամադրման, բնակարանաշինության և այլ տեսքով: Հիմնականում շեշտը կդրվի Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում, սակայն մնացած շրջաններից ևս կներգրավվեն գործընթացում:

-Իսկ որքա՞ն գումար է նախատեսված ծրագրի համար:

-Նախատեսված է 400 մլն դրամ:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում