Պաշտոնական

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպանը

3 րոպեի ընթերցում

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկական Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ իր ակտիվ և արդյունավետ գործունեությամբ նա կնպաստի Հայաստանի և Մեքսիկայի միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը մեծապես հետաքրքրված է Մեքսիկայի հետ բարեկամական կապերի սերտացմամբ և համագործակցության ընդլայնմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Նախագահը նկատել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 26 տարիների ընթացքում միջպետական հարաբերություններում առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվել: Այդուհանդերձ, ըստ Հանրապետության Նախագահի, վերջին տարիներին հայ-մեքսիկական հարաբերություններում արձանագրված որոշակի ակտիվությունը հուսադրող է:

Դեսպան Մորենոն շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և նշել, որ մտադրված է ակտիվ աշխատել ու զարգացնել երկու երկրների հարաբերությունները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, կրթական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանին և Մեքսիկային միավորում են ընդհանուր բազմաթիվ սկզբունքներ ու արժեքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության զարգացումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային կառույցներում հայ-մեքսիկական համագործակցությանը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու ամրապնդումը, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ վերջին տարիներին նկատելի առաջընթացը:

Հանրապետության Նախագահը և Մեքսիկայի դեսպանը երկկողմ հարաբերություններում կարևորել են Մեքսիկայի հայ համայնքի դերը, որը, ըստ նրանց, չնայած այնքան էլ մեծաթիվ չէ, սակայն իր ուրույն տեղն ունի երկկողմ կապերի ամրապնդման գործում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում