Տնտեսագետը շուրջ 7 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսումը լիովին իրատեսական է համարում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարեվերջին Հայաստանի տնտեսական ակտիվության 7.7 տոկոսանոց ցուցանիշը իրատեսական է դարձնում 2017 թվականին 6.7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: «Տնտեսական ակտիվության ցուցանիշն իսկապես աննախադեպ է, կարծում եմ միանգամայն իրատեսական է, որ մարտի վերջին հրապարակվելիք տնտեսական աճի ցուցանիշը կարող է համապատասխանել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հնչեցրած գնահատականին` 6.7 տոկոս»,-ասաց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանի խոսքով` տնտեսական ակտիվության աճին հանգեցրել են ոչ միայն առևտրի, ծառայությունների ոլորտներում երկնիշ աճողական ցուցանիշները, նաև շինարարության ոլորտի 2.2 տոկոսանոց աճը: «Վերջապես շինարարության ոլորտը դուրս է եկել լճացման երկարաժամկետ փուլից: Ցավոք գյուղատնտեսության ոլորտն է դեռևս շարունակում խնդիրներ ստեղծել ու 3 տոկոսի անկումով է եզրափակել նախորդ տարին»,-հավելեց Ատոմ Մարգարյանը:

Ինչ վերաբերում է արտահանման 25.2 տոկոսանոց աճին` Ատոմ Մարգարյանը նկատեց, որ վերջինիս մեջ կարևոր դերակատարում են ունեցել 2017-ի ընթացքում միջազգային շուկայում պղնձի բարձր գները, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության ճյուղերում ակտիվությունը: «Արտադրական ոլորտի ճյուղերից ես կառանձնացնեի սննդի արդյունաբերության ոլորտը, կոնյակի, ծխախոտի արտադրությունն ու արտահանումը, տեքստիլի արտահանումը, գյուղատնտեսական ոլորտից մսամթերքի արտահանումը»,-նշեց տնտեսագետը: Նրա խոսքով` որքան էլ քննադատենք եվրասիական ձևաչափը, միևնույն է այնտեղի գործընթացները ուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա: «Եթե ռուսական տնտեսությունը վերականգնվում է, իսկ դա այդպես է, քանի որ ՌԴ տնտեսական աճը 2 տոկոսի սահմաններում է գնահատվում, վերականգնվում է հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկը: Նաև այն, որ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների պայմաններում այդ երկիրն առևտրային հարաբերությունները հորիզոնական սկզբունքով վարում է իր գործընկեր երկրների հետ»,-նշեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա Ատոմ Մարգարյանն այն անփոխարինելի է համարում բարձր մասնաբաժին ապահովելու և տեխնոլոգիական բարձր չափանիշներին համապատասխանող արտադրանքի տեսանկյունից: Սակայն այս շուկայի հետ աշխատանքի առումով տնտեսագետը խնդրահարույց է համարում եվրոյի ամրապնդումը դոլարի նկատմամբ, նաև ինստիտուցիոնալ և օրենսդրական բնույթի խնդիրները, որոնք կարգավորման կարիք ունեն: «2017-ին եվրոն դոլարի նկատմամբ 15 տոկոսով ամրապնդվել է, դա, այսպես ասած, վատ նորություն է եվրոպական շուկա արտահանողների համար: Այնպես որ, այդ խնդիրները հնարավորիս հաշվի առնելով, նվազ ծախսերով պետք է փորձել լուծել արտահանման խնդիրը»,-ասաց տնտեսագետը:

Երկրում տնտեսական գործընթացները վերընթաց գնահատելուն զուգահեռ, տնտեսագետը կոչ է անում աճի ներառականության հարցը չանտեսել: «Վերջին տարիներին այս մասին են խոսում Դավոսի` միջազգային տնտեսական ֆորումի փորձագետները: Նրանք մասնավորապես ներառական զարգացման ինդեքսում առաջարկել են, բացի համախառն ներքին արդյունքի ցուցանիշից, ևս 11 ցուցանիշ հաշվի առնել: Դրանք վերաբերում են եկամուտների հավասար բաշխմանը, կյանքի որակի այն չափանիշներին, կրթության հարցերին, կյանքի միջին տևողությանը, շրջակա միջավայրի պարամետրերին: Աշխարհն ավելի լայն է գնահատում տնտեսական աճն ու դրա ազդեցությունները: Այնպես որ մենք առաջիկայում պետք է տեսնենք հիմնական այն խնդիրները, որոնք օրակարգային են»,-ընդգծեց տնտեսագետը` հավելելով, որ աճը պետք է փոխակերպվի բոլորի համար բարեկեցության:

Նրա խոսքով` տնտեսական աճը չպետք է ավելի խորացնի հարուստների և աղքատների միջև անջրպետը, այլ տանի կենտրոնամետ հասարակության ձևավորման: «Տնտեսական աճը պետք է նպաստի միջին խավի կենսունակության, քանակի, ազդեցության աճի, ինչու չէ նաև քաղաքական դերակատարության բարձրացման: Հիմնական մարտահրավերները, որ այսօր առկա են, կոռուպցիան է, ստվերային տնտեսությունն ու աղքատությունը: Աճը պետք է առաջիկայում լուծի նաև այս խնդիրները»,-եզրափակեց տնտեսագետը:

Անի Նազարյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում