Հասարակական

Փաստաբանների նկատմամբ տուգանքի կարգավորումը դատական օրենսգրքից հանելը դեռ հարցի լուծում չէ. ՓՊ նախագահ

3 րոպեի ընթերցում

Փաստաբանների նկատմամբ տուգանքի կարգավորումը դատական օրենսգրքից հանելը դեռ հարցի լուծում չէ. ՓՊ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծից փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը հանելը և երեք դատավարական օրենսգրքերում ներկայացնելը դեռ հարցի լուծում չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Ազգային Ժողովին և ՀՀ կառավարությանը խնդրանք ենք ներկայացրել` հանել նախագծից փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կարգավորումը և այդ հարցի լուծման հնարավորությունը վերապահել դատավարական օրենսգրքերին: Ինչո՞ւ ենք այս առաջարկը որպես միջանկյալ լուծում ներկայացրել և ինչպես ենք այն հիմնավորել: Մենք նշել էինք, որ դատավարական օրենսգրքերի ընդունման ժամանակ փաստաբանների պալատը հնարավորություն կունենա ներկայացնել իր փաստարկները առավել բազմակողմանի, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցի դիրքորոշումով: Այսինքն` դատավարական օրենսգրքերով այս հարցի լուծման հիմքում դրված է այն, որ ժամանակ ունենանք ներկայացնելու մեր փաստարկները, որովհետև, կարծում ենք, որ չի կարելի այդպիսի կարգավորում մտցնել»,- ասաց Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահը « Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծից փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը հանելը որպես առաջին փուլ դրական լուծում է համարում, սակայն փաստաբանները պատրաստվում են իրականացնել հաջորդ քայլերը: Նրա խոսքով` եթե փորձ արվի տուգանքի վերաբերյալ կարգավորումը մտցնել «Քաղաքացիական դատավարության» օրենսգիրք, ապա կվերադառնան նույն պայքարի ձևին:

«Գիտենք, որ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է: 2016 թվականին քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանում քննվել է 132 հազար 581 գործ, որից միայն 4 դեպքերում է փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվել: Այսինքն` ակնհայտ է, որ քաղաքացիական գործերով դատական տուգանքը որպես սանկցիա կիրառելու անհրաժեշտություն չկա»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Հունվարի 31-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծից հանվել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը և մոտ օրերս այն կներկայացվի երեք դատավարական օրենսգրքերում (Քաղաքացիական, քրեական և վարչական դատավարության):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում