Կառավարությունում ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը։ Այն մշակել է «Թվային Հայաստան» հիմնադրամը՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ շրջանակային փաստաթուղթն ուրվագծում է կառավարության քայլերը՝ թվային փոխակերպմամբ Հայաստանը միջազգայնորեն մրցունակ երկիր դարձնելու ուղղությամբ:

Հայաստանի թվային փոխակերպման նախագծով սահմանվել են հիմնական 6 ուղղություններ, որոնց հիման վրա կծավալվեն Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված հետագա գործողությունները։

Շրջանակային փաստաթուղթը Հայաստանի թվային փոխակերպման հիմքում շեշտում է Խելացի «ՍՄԱՐԹ» կառավարության, թվային հմտություններով օժտված ստեղծարար աշխատուժի, պահանջարկից միշտ մի քայլ առաջ՝ բարձր արդյունավետությամբ, հուսալի և մատչելի ենթակառուցվածքների, անվտանգ ու դիմակայուն կիբեռտարածքի, համաշխարհային մակարդակով մրցունակ մասնավոր հատվածի, փոխկապակցված, համագործակցային և գործուն ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման կարևորությունը։

Հիմնվելով թիրախային ու ակնկալվող արդյունքների վրա՝ կառավարությունը Հայաստանում թվային փոխակերպման գործընթացի իրականացման համար ուրվագծել է հետևյալ ռազմավարական հեռանկարները՝

  • 2018-2020թթ. Թվային ցատկ (ենթակառուցվածքների լայնամասշտաբ ներդրման և առկա միջոցների թարմացման շեշտադրում)
  • 2021-2025թթ. Թվային արագացում (առավել բարձր արդյունավետություն ապահովելու ուղղությամբ ներդրումներ)
  • 2026-2030թթ. Թվայնացմամբ պայմանավորված զարգացում (աճի ապահովման ուղղությամբ նորարարությունների խիստ շեշտադրում)

Ի պատասխան վարչապետի հարցի՝ նշվել է, որ «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկումների, ինչպես նաև շրջանառվել է հանրապետական գործադիր մարմինների միջև։ Հանրային քննարկումների ընթացքում և հանրապետական կառավարական մարմինների կողմից կատարված նկատառումներն ու դիտարկումներն ամփոփման փուլում են:

Փաստաթղթի վերաբերյալ ծավալվել է լայն քննարկում, որի ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Ամփոփելով քննարկումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է լրամշակել փաստաթուղթը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: «Իրականացվել է բարդ և կարևոր աշխատանք: Թվայնացումն այսօր անհրաժեշտություն է՝ կառավարումն ավելի արդյունավետ իրականացնելու առումով»,- ասել է վարչապետ Կարապետյանը:

Հայերեն

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար