Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպումն իրականում հորինված է. մասնագետը ներկայացնում է իրականությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը գաղտնազերծում է աշխարհահռչակ երկու արվեստագետների՝ հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր Սալվադոր Դալիի հանդիպման մասին թանգարանային լեգենդը. նման հանդիպում իրականում չի կայացել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմինե Գրիգորյանը բացեց փակագծերը, ներկայացրեց պատմության ճշմարտացիությունը հերքող մի շարք փաստեր, այն հնարելու հավանական դրդապատճառները:

«Մեծանուն մարդկանց կյանքի և գործունեության հետ սովորաբար կապված են լինում ինչ-ինչ հորինված պատմություններ: Դրանցից մեկն էլ կապված է մաեստրո Խաչատրյանի անվան հետ: Ռուս գրող, հրապարակախոս Միխայիլ Վելլերի հեղինակած Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպման պատմությունը տարիներ շարունակ շրջանառվում է: Սակայն փաստերն ապացուցում են, որ նման հանդիպում իրականում տեղի չի ունեցել»,-ասաց Գրիգորյանը:

Ըստ շրջանառվող պատմության՝ Խաչատրյանն Իսպանիայում ցանկություն է հայտնում հանդիպելու Դալիի հետ: Նկարիչը սիրով ընդունում է այդ առաջարկը և կոմպոզիտորին հրավիրում իր տուն: Խաչատրյանը ստիպված է լինում նախասրահում մի քանի ժամ սպասել Դալիին: Հանկարծ շատ բարձր հնչում է Խաչատրյանի «Սուսերով պարը» և երկարակոթ խոզանակը հեծած բոլորովին մերկ, գլխավերևում սուսեր ճոճելով, ներս է մտնում Դալին: Երբ երաժշտությունն ավարտվում է, Դալին անհետանում է այն դռների հետևում, որից մտել էր, իսկ սպասավորը Խաչատրյանին ասում է, որ ընդունելությունն ավարտված է: Նրան հանձնում են հոլանդական տպագրությամբ Դալիի շքեղ ալբոմը, որպես անմոռանալի հանդիպման նվեր, որից հետո կոմպոզիտորին նստեցնում են մեքենա և հասցնում հյուրանոց:

Հանդիպման առասպել լինելը թանգարանի տնօրենը հիմնավորում է մի շարք փաստարկներով: Այն բազմաթիվ երկրների ցանկում, որտեղ եղել է Խաչատրյանը, Իսպանիան բացակայում է: Այնինչ, ըստ այդ պատմության՝ նրանց հանդիպումը տեղի է ունեցել հենց այդ երկրում: Տուն-թանգարանի տնօրենը հարցը քննարկել է նաև կոմպոզիտորի որդու հետ, ով ևս կտրականապես հերքել է պատմության ճշմարիտ լինելը: Բացի այդ նմանատիպ հանդիպումների մասին մշտապես տեղեկություններ են տրվում, սակայն այս հանդիպման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա ոչ մամուլում, ոչ էլ նրա անձնական նամակներում:

Մի քանի տարի առաջ պատմության ճշմարտացիությունը պարզելու համար տուն-թանգարանին դիմել են նաև Իսպանիայի Սալվադոր Դալիի թանգարանից: «Նույն հարցով իրենց ևս շատ են դիմել, և իրենք փորձեցին ճշտել՝ հանդիպումն արդյոք կայացել է: Պատմության հնարավոր հակափաստարկ է նաև այն, որ Դալիի թանգարանում ևս ոչ մի փաստարկ, տեղեկություն չկա այդ մասին: Ինչպես նշված է պատմության վերջում՝ հանդիպումից հետո այդ լուրը տարածվել է ողջ մամուլում: Սակայն եթե այդպիսի տեղեկություններ լինեին, Դալիի թանգարանը կտեղեկանար իսպանական մամուլի արխիվից»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ նկարչի թանգարանի հետ նաև պայմանավորվածություն են ձեռք բերել՝ պատմության վերաբերյալ ցանկացած փաստի ի հայտ գալու դեպքում փոխանակվել դրանով: Սակայն այս տարիների ընթացքում ոչ մի տեղեկություն չեն ստացել:

Եվ պատմության առասպել լինելու ամենաարժանահավատ փաստն այն է, պատմության հեղինակը՝ Միխայիլ Վելլերը ևս անձամբ հերքել է այն՝ ասելով, որ հենց ինքն է հորինել: Գրիգորյանի կարծիքով՝ նման պատմություն հնարելու դրդապատճառ կարող են լինել Խաչատրյանի հետ ոչ այնքան հարթ հարաբերությունները կամ կոպմոզիտորի հետ հնարավոր հարցազրույցի խափանումը: «Միգուցե Վելլերն ուզել է հարցազրույց անցկացնել Խաչատրյանի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չի կայացել, ինքն էլ որոշել է նման պատմություն հորինել: Վելլերը պարզապես վառ երևակայություն է ունեցել, և կարծում եմ՝ ցանկացել է իր անձի վրա ուշադրություն հրավիրել»,-ասաց Գրիգորյանը:

Այս թեմայով և լրագրողները, և թանգարանի այցելուները, և նույնիսկ պատահական մարդիկ շատ են հետաքրքրվում: Թանգարանն ունի ճանաչված մարդկանց հետ Խաչատրյանի հանդիպումներին նվիրված սրահ, որտեղ այցելուների ամենահաճախ տրվող հարցերը վերաբերվում են հենց այս պատմությանը: Թանգարանը հերքում է երկու արվեստագետների հանդիպման մասին այդ զավեշտալի պատմության ճշմարտացիությունը: «Խաչատրյանի կյանքին առնչվող պատմությունները բավականին շատ են՝ հորինված պատմություններին տեղ տալու համար»,-եզրափակեց տուն-թանգարանի տնօրենը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ