ՀՀ ԱԱԾ վաստակաշատ աշխատակից Ռաֆիկ Զարգարյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա Էջմիածնի Շողակաթ եկեղեցում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հունվարի 12-ին հեռացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վաստակաշատ աշխատակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Վահագնի Զարգարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Ռաֆիկ Զարգարյանը ծնվել է 1948 թվականին Էջմիածին քաղաքում: 1977 թվականին զինվորական ծառայության է անցել պետական անվտանգության մարմիններում, զբաղեցրել տարբեր պաշտոններ: 1998 թվականին նշանակվել է Ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում: Ծառայության մեջ բազմաթիվ ձեռքբերումների համար բազմիցս պարգևատրվել է ՀՀ պետական մեդալներով, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ և այլ գերատեսչությունների պարգևներով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության անձնակազմը սգում է Ռաֆիկ Վահագնի Զարգարյանի մահը և իր խորը ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին, մերձավորներին և ընկերներին:
Ռաֆիկ Զարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 18:00-ին Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունվարի 15-ին, ժամը 12:30-ին Էջմիածնի Շողակաթ եկեղեցում: