ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում 2018 թվականին բացվելու է հայկական մշակույթին նվիրված ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, բացումը նախատեսված է սեպտեմբերին և տևելու է շուրջ 4 ամիս:
«Ցուցադրվելու են երեք տեղից բերված ցուցանմուշներ` Մատենադարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Հայաստանի պատմության թանգարանից: Մենք տրամադրում ենք 28 ձեռագիր: Կարծում եմ` այն կնպաստի մեր արժեքների հանրահռչակմանը: Այս գործընթացը սկսվել է երկու տարի առաջ, այն բավական լավ նախապատրաստական փուլ է անցել»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:
Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն Իվետա Մկրտչյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ թանգարանը ցուցահանդեսին ներկայացնելու է 5-6-րդ դարի քանդակարվեստի նմուշներ` խաչքարեր, որմնաքանդակներ: Ներկայացվելու են նաև կիրառական արվեստի առարկաներ, ոսկերչության նմուշներ: Դրանք 11-13-րդ դարի նմուշներ են:
«Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանից եկած մասնագետների հետ քննարկել ենք, ընտրվել են այն ցուցանմուշները, որոնք ներկայացվելու են ցուցահանդեսին: Այսինքն` ցուցանմուշների ընտրությունը միասին ենք կատարել»,-ասաց Իվետա Մկրտչյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնելու է ընդհանուր առմամբ 20 ցուցանմուշ` խաչքարեր, Մայր տաճարի քարակերտ մոդելը, արծաթյա եկեղեցական մասունքարաններ, գործվածքից իրեր, վարագույրներ: Ցուցանմուշներն ընդգրկում են վաղ միջնադարից մինչև 18-րդ դարը:
«Համաշխարհային խոշորագույն թանգարաններից մեկում շատ կարևոր միջոցառում է սպասվում: Այն խոշոր ցուցահանդես է, որը ներկայացնում է մեր ժողովրդի մշակույթը, քրիստոնական շրջանը: Հայ մշակույթի հանրահռչակման տեսանկյունից կարևոր միջոցառում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը` նշելով, որ նախատեսված է նաև կատալոգի հրատարակություն: