Քաղաքականություն

ԵՄ հետ նոր համաձայնագիրը մեծ հաջողություն է Հայաստանի դիվանագիտության համար. Դիոգո Պինտո

2 րոպեի ընթերցում

ԵՄ հետ նոր համաձայնագիրը մեծ հաջողություն է Հայաստանի դիվանագիտության համար. Դիոգո Պինտո

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված նոր համաձայնագիրը պատմական հնարավորություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության նախագահ Դիոգո Պինտոն:

Նրա խոսքով՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ոչ միայն առավել ընդլայնված բովանդակություն է առաջարկում, այլեւ նոր մակարդակի է տեղափոխում երկկողմ հարաբերությունները:

«Հատկանշական է, որ սա իր տեսակով առաջին համաձայնագիրն է, որը Եվրամիությունը ստորագրել է ԵԱՏՄ անդամ պետության հետ: Հայաստանն այսուհետ հնարավորություն կունենա շահել ոչ միայն առեւտրային եւ ներդրումային ավելի լավ պայմաններից, այլեւ ամենակարեւորը՝ Եվրամիության փորձից եւ աջակցությունից քաղաքական ու հասարակական բարեփոխումների իրականացման հարցում: Այս համաձայնագրով Հայաստանը կդառնա առավել զինված՝ Եվրամիությունը որպես գործընկեր, աջակից եւ բարոյական կողմնացույց դիտարկելու հարցում եւ բավականին բարդ տարածաշրջանում կամրապնդի իր դիրքը՝ որպես կայունության եւ եվրոպական արժեքների խթանման օրինակ»,-ասաց Դիոգո Պինտոն:

Նրա համոզմամբ՝ սա նաեւ կարեւոր քայլ է Եվրամիության համար՝ առաջինը եւ հիմնականը, քանզի հստակ կերպով ցույց է տալիս Եվրամիության վճռականությունը` դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը Արեւելյան գործընկերության շրջանակում:

«Մյուս կողմից, սա մեծ հաջողություն է Հայաստանի դիվանագիտության համար, քանի որ այն չի ընտրում երկու ինտեգրացիոն նախագծերի միջեւ, այլ ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում բազմակողմ հարաբերություններում»,-եզրափակեց կազմակերպության տնօրենը:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Սյուզի Մուրադյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում