Լևոն Թոքմաջյանը Մոնթեի արձանի մեջ խտացրել է նրա աստվածային կերպարը, լեգենդարությունն ու դյուցազնական սխրանքը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի արձանի հեղինակ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ազատամարտիկի կերպարի մեջ խտացրել է Արցախյան երկու պատերազմների բոլոր հերոսներին: «Ես այստեղ ամբողջացրել եմ Մոնթեի աստվածային կերպարը, նրա լեգենդարությունը, դյուցազնական սխրանքը: Բայց չէի ցանկանում զուտ նրա ֆիզիկական կերպարն ու դիմագծերը ներկայացնել, այլ ավելին՝ հերոսությունն ու նվիրականությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Թոքմաջյանը:
Քանդակագործը արձանի վրա աշխատել է երեք տարի, դեռ 2014-ին ձեռնամուխ եղավ այս գործի իրականացմանը: Թոքմաջյանը կցանկանար արձանը տեղադրվեր Երևանի այգիներից մեկում, բայց որոշվեց այն կանգնեցնել վարժարանի տարածքում այն խորհրդով, որ Մոնթեն իր սաներին հերոսության դասեր է տալիս: Միգուցե քանդակագործը դիմի ՀՀ Նախագահին մի այսպիսի արձան էլ Երևանում տեղադրելու խնդրանքով:
Արձանը կանգնեցվել է Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին՝ ազգային հերոսի ծննդյան 60 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նորաբաց արձանի մոտ տեղի ունեցավ վարժարանի 80 առաջին կուրսեցիների խոստման արարողությունը:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հիմնադրվել է 1993 թվականին, 2017-ի սեպտեմբերի 1-ից սկսել է գործել Դիլիջան քաղաքում: Այստեղ կրթություն են ստանում ավագ դպրոցի՝ 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները: Ներկայում սովորողների թիվը 190 է, նրանցից 94-ն ընդունվել են այս տարի: Աշակերտները Հայաստանի տարբեր մարզերից են, այդ թվում` նաև Արցախից: