Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի տարածքում կստեղծվի 100-150 նոր աշխատատեղ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով «Բասենի Գովք» ՍՊԸ-ին տրամադրելու նախագիծը՝ տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման նպատակով:
«Ներդրողը պարտավորվում է իրականացնել մեկ միլիարդ դրամի ներդրում՝ ստեղծելով 100-150 նոր աշխատատեղ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Կարեն Կարապետյանի մոտ կայացած մարզային ներդրումային ծրագրերի քննարկման արդյունքներով հավանության է արժանացել Գյումրի քաղաքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկմանվայրիկառուցմաններդրումայինծրագիրը:«Այժմ նշված տարածքում կիսաքանդ, անավարտ շինություն է:Ընկերությունը բացի ներդրումներից պարտավորվել է պահպանել և վերականգնել կիսաքանդ շինությունում առկա թեմատիկ քանդակները»,- ասաց Լոքյանը:
Պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում՝ հողամասը և դրա վրա կատարված ներդրումներն ու անբաժանելի շինությունները վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության: