Նախագահն ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին Հայաստանում և ընդգծելով, որ ՌԴ վարչապետի այցը կայանում է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, գոհունակությամբ է փաստել, որ այդ ընթացքում հսկայական աշխատանք է իրականացվել:

«Այսօր մեր հարաբերություններն առանձնանում են մշտական քաղաքական երկխոսությամբ բոլոր մակարդակներում՝ արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում լավ աշխատանքով, տնտեսության, ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում և հատկապես փոխադարձ առևտրի ոլորտում արգասաբեր համագործակցությամբ. անցյալ տարին մենք ավարտել ենք 15 տոկոս աճով, իսկ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառության աճը 23 տոկոսից մի փոքր ավելի է: Դա շատ լավ է:

Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կդառնա ևս մեկ կարևոր քայլ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՌԴ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները: Դմիտրի Մեդվեդևն ուրախությամբ տեղեկացրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է, քան նշեց Նախագահը՝ գրեթե 30 տոկոս:

«Այսպիսով, սա դրական տեղեկատվություն է, որով ես ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել: Շնորհակալ եմ հանդիպման հնարավորության համար: Իրոք, մենք գործընկերներ ենք, բարեկամներ ենք, մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ բոլոր ոլորտներում: Քիչ առաջ մենք անցկացրել ենք միջկառավարական բանակցություններ, ստորագրել ենք կարևոր փաստաթղթեր, արձանագրել ենք, որ հարաբերությունները զարգանում են:

Ընդ որում, գործնականում չկա ոլորտ, որի շրջանակներում մենք այժմ չենք համագործակցում: Օրինակ՝ շատ լավ դինամիկա է արձանագրվել գյուղատնտեսական մատակարարումների ոլորտում, և այստեղ Հայաստանը լավ զարգացրել է իր ներկայությունը ռուսական շուկայում, չնայած պարզ է, որ կարելի է այսուհետ ևս այս գործընթացները զարգացնել: Այլ ոլորտները նույնպես լավ զարգանում են: Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ներդրումային փոխգործակցությունը: Քիչ առաջ քննարկում էինք Իրանի հետ համագործակցությամբ ձեզ մոտ ստեղծվող ազատ տնտեսական գոտու տարածքում աշխատանքի հնարավորությունը և մի շարք այլ մասշտաբային ծրագրեր: Ուստի կաշխատենք, կհամագործակցենք»,- ասել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Հայերեն English Русский

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները