Գործազուրկների թիվը նվազել է, սակայն աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն կա

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործազուրկների թիվը 2017-ին նվազել է 7 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Այնուամենայնիվ, աշխատաշուկայի գերակա խնդիրն է շարունակում մնալ առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը. գործատուները փնտրում են մի քանի հմտություններով օժտված մասնագետների: Գործազրկության, աշխատաշուկայի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանի հետ:

-Տիկին Թադևոսյան, աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվն այս տարի որքա՞ն է:

- Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 88609 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ ունի 73621-ը: Գործազուրկների թվաքանակում ամենաշատը ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներն են՝ 54.8 տոկոս: Բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների քանակը կազմում է 12.5 տոկոս, միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը՝ 18.1, նախնական մասնագիտական կրթություն ունեցողներինը՝ 5.5 տոկոս: Հիմնականում նրանք աշխատանք են փնտրում իրենց մասնագիտությամբ, իսկ չունեցողներին ցանկության դեպքում ընդգրկում ենք մասնագիտական ուսուցման դասընթացներում:

-Իսկ ինչպիսի՞ն է ցուցանիշը նախորդ տարվա համեմատ:

-2016-ին աշխատանք փնտրողների թիվը եղել է 96 106, գործազուրկներինը՝ 79 195: Նախորդ տարվա համեմատ այս տարի ցուցանիշները նվազել են՝ 7.8 տոկոսով աշխատանք փնտրողների թիվը, իսկ մոտ 7 տոկոսով՝ գործազուրկներինը:

-Ո՞ր մարզում է ամենաբարձ և որո՞ւմ ամենացածր գործազրկությունը: Ինչո՞վ է պայմանավորված:

-Ամենաշատ գործազուրկների թիվն այս տարի գրանցվել է Շիրակում: Հոկտեմբերի 1-ի դրությամբ ունենք 16244 աշխատանք փնտրող, որից 13236-ն ունեն գործազուրկի կարգավիճակ: Ամենաքիչ գործազրկությունն ունի Վայոց ձորը: 1810 աշխատանք փնտրող կա գրանցված, որոնցից 1275-ն ունեն գործազուրկի կարգավիճակ: Նման ցուցանիշը, իհարկե, կապված է բնակչության թվաքանակի հետ:

-Գործակալության միջոցով այս տարի որքա՞ն մարդ է տեղավորվել աշխատանքի և ո՞ր ոլորտներում:

- Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 6162 աշխատանք փնտրող: Աշխատատեղերը եղել են ՝ արդյունաբերության , մեծածախ և մանրածախ ավտոմեքենաների, մոտոցիկլների նորոգման, սպասարկման և այլ ոլորտներում: Ի դեպ, նախորդի համեմատ այս տարի ավելի շատ մարդ է տեղավորվել աշխատանքի:

-Ցուցանիշի բարելավումն ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ:

- Այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր: Ակտիվացրել են ԶՏԿ-ների և գործատուների միջև համագործակցությունը: Սեպտեմբերից սկած իրականացնում ենք նաև տոնավաճառներ, որի արդյունքում հայտնաբերվում են թափուր աշխատատեղեր, ինչպես նաև առաջիկայում կանխատեսվող աշխատատեղեր: Կառավարությամբ համապատասխան որոշումը ևս նպաստել է ցուցանիշի բարելավմանը:

-Աշխատանքի տեղավորվածներից քանի՞սն են եղել անմրցունակ և նրանցից քանի՞սը հաշմանդամություն ունեցող անձինք: Ի՞նչ ծրագրեր են նպաստել նրանց տեղավորմանը:

-Աշխատանքի տեղավորվածներից անմրցունակ անձանց թիվը 5405 է: Հաշմանդամություն ունեցողներինը՝ 117-ը: Անմրցունակ անձանց աշխատաքի տեղավորմանը նպաստելու համար իրականացրել ենք երկու հիմնական ծրագիր՝ գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում՝ 680 անմրցունակ անձի և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործատուներին աջակցության տրամադրման ծրագրով՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ 240 անձի: Նախորդ տարի նույն ժամանակում աշխատանքի էր տեղավորվել ավելի շատ անմրցունակ անձ՝ 5900:

-Իսկ ինչո՞վ կպայմանավորեք այս տարի աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց թվաքանակի կրճատումը:

- Նախորդ տարվա ցուցանիշը փոքր-ինչ բարձր էր, քանի գործում էին նաև այլ ծրագրեր: Դրանցից էին այլ վայր գործուղման, ձեռնարկատիրական , սեզոնային աշխատանքներին վերաբերող ծրագրերը: Այս ծրագրերը 2016-ի սեպտեմբերին կառավարության որոշումով հաստատվել էին: Սակայն 2017-ի մարտին կառավարության արձանագրային որոշմամբ՝ ավելի շատ շեշտադրում արվեց նվազ ծախս պահանջվող ծրագրերին՝ գործատուին միանվագ փոխհատուցման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործատուներին աջակցության տրամադրմանը:

-Որքա՞ն և ո՞ր ոլորտներում են առկա ամենաշատ թափուր աշխատատեղերը:

- Տարեսկզբից հավաքագրվել է շուրջ 6839 թափուր աշխատատեղ: Առյուծի բաժինը թեթև արդյունաբերության, սպասարկման և առևտրի ոլորտներում է: Այս երեք ոլորտներում պահանջարկն ավելի շատ է, սակայն առկա են թափուր տեղեր նաև կրթության, գյուղատնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում: Առողջապահության ոլորտում ունենք 469, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 489 թափուր աշխատատեղ: Մարզերում ամենաշատ թափուր աշխատատեղեր կան բժշկի, դասավանդողների, ճարտարապետների մասնագիտությամբ: Երևանում և մարզերում միջին մասնագիտական կրթությամբ պահանջված մասնագիտություններն են ֆինանսի, առևտրի բնագավառի գործակալները, գանձապահները, միջին բժշկական անձնակազմը, արվեստի, մարզական բնագավառների աշխատողները, փականագործները:

-Ո՞րն է աշխատաշուկայի գերակա խնդիրն այսօր:

-Ամենամեծ խնդիրն առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունն է: Բոլոր մասնագիտություններով մենք առաջարկ ունենք, սակայն առկա է որակի խնդիր՝ պահանջում են բարձր որակավորման մասնագետներ: Հաճախ գործատուները փնտրում են մի քանի հմտություններով օժտված մասնագետի՝ օտար լեզուների, համակարգչային գիտելիքների իմացությամբ, ինչը դժվար է գտնվում: Կան աշխատատեղեր, որոնք երկար ժամանակ թափուր են մնացել, քանի որ գործատուն չի գիտել համապատասխան հմտություններ ունեցող մասնագետի: Սա դեռևս աշխատաշուկայի գերակա խնդիրն է:

Հարցազրույցը` Աննա Գրիգորյանի

Հայերեն English Русский

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին