Մշակույթ

Երևանում հոկտեմբերի 21-ին մեծ էկրան կբարձրանա «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը

3 րոպեի ընթերցում

Երևանում հոկտեմբերի 21-ին մեծ էկրան կբարձրանա «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 21-ին մեծ էկրան կբարձրանա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ նկարահանված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը: Կինոնկարը պատմում է հինգ մարդասեր կանանց՝ միսիոներներ Կարեն Յեպպեի, Մարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյորնի (Նորվեգիա), Ալմա Յոհանսոնի (Շվեդիա) և Աննա Հեդվիգ Բյուլի (Էստոնիա) մասին:

«Նրանք ցուցաբերել են անգնահատելի խիզախություն և կարողացել են փրկել հազարավոր կյանքեր` ստեղծելով ապաստարաններ, վերականգնողական կենտրոններ: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, նյութեր տրամադրել են տարբեր երկրների արխիվները, մարդասիրական կազմակեպությունները, թանգարանները: Խաղարկային դրվագներով 88-րոպեանոց ֆիլմում նկարահանվել են 45 դերակատար: Գլխավոր դերակատարը, ով ներկայացնում է միսիոներների հումանիտար առաքելությունը, ֆինն պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենն է»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Փրկության քարտեզ» ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը:

Ֆիլմն արդեն ցուցադրվել է 14 երկրի 31 քաղաքում, վերջին ցուցադրությունը կայացել է Մոսկվայում: Մանվել Սարիբեկյանը նշեց, որ բոլոր ցուցադրություններից արձագանքը բավական մեծ է եղել:

«Շատերն էին իրենց խոսքում նշում, որ ֆիլմն իրենց համար բացառիկ է, ֆիլմում խոսում են օտարները, այն մարդասիրությունը կրողների, մարդասիրության դրսևորումների մասին է: Ոմանք ֆիլմը դիտելուց հետո ամաչում էին, որ չէին ճանաչում իրենց հերոսհուիներին»,-ասաց Մանվել Սարիբեկյանը:

Ֆիլմը նկարահանվել է 9 երկրում` Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Լիբանանում, Հունաստանում, Թուրքիայում, Սիրիայում: Մանվել Սարիբեկյանը նշեց, որ դժվարություններ շատ են եղել, սակայն նկարահանման ընթացքում, ի զարմանս իրենց, այնպիսի փակ դռներ էին բացվում, այնպիսի խնդիրներ էին լուծվում, որ իրենք անակնկալի էին գալիս:

Մանվել Սարիբեկյանը նշեց, որ նոր ֆիլմ է սպասվում, գործընթացը շարունակություն է ունենալու: Շարունակելու են ներկայացնել այլ երախտավորների պատմությունները` առանցքում ունենալով Հայոց ցեղասպանության դեպքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում