Կարծիքներ

Ժողովրդագրական խնդիրների կարգավորումը կարևոր փորձաքար է մեր պետականության համար. Սամվել Ֆարմանյան

2 րոպեի ընթերցում

Ժողովրդագրական խնդիրների կարգավորումը կարևոր փորձաքար է մեր պետականության համար. Սամվել Ֆարմանյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Հայաստանում մտահոգիչ է համարում ժողովրդագրական խնդիրները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ դեմոգրաֆիական խնդիրների միտումները հանգեցնում են արտագաղթի հետ կապված խնդրին: «Արտագաղթը ժողովրդագրական խնդիրներին առնչվող առաջնային գործոն է, սակայն միակը չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց պատգամավորը:

Նա նախատեսում է երկրում դեմոգրաֆիական խնդիրների քննարկման համար աշխատանքային ձևաչափով հանձնաժողովի ստեղծում, որը կարող է ներառել շահագրգիռ պատգամավորներ, փորձագետներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային ոլորտի ներկայացուցիչներ: «Փորձելու ենք համադրել բոլոր հնարավոր ռեսուրսները, մասնագիտական ռեսուրսները, որպեսզի քննարկելու ճանապարհովգնահատենք իրավիճակը, միտումները»,- ասաց նա:

Ֆարմանյանն արձանագրեց, որ ցանկացած երկրի պարագայում կարևոր է բնակչության թվաքանակը, իսկ ՀՀ-ի պարագայում սա առանցքային խնդիրներից է: Նա կարծում է, որ խնդիրը ՀՀ պետականության առումով շատ ավելի կարևոր է, քան այսօրվա, վաղվա կամ մյուս օրվա իշխանությունը, քանի որ ժողովրդագրությունը երկարաժամկետ խնդիր է:

«Եթե մենք այսօր՝ որպես պետականություն այս խնդիրներին լուրջ մոտեցում չցուցաբերենք, ինչպիսին էլ լինի այսօրվա, վաղվա իշխանությունների քայլերը, եթե մի գծով չեն գնում, ապաչենք կարող մեզ համար ցանկալի արդյունքների հանգել: Իմ կարծիքով՝ ժողովրդագրական խնդիրների կարգավորումը շատ էական փորձաքար է մեր պետականության համար»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հիմա արդեն ուշ չէ՞ դեմոգրաֆիական խնդիրների մասին մտածելու ու կարևորելու համար, Ֆարմանյանը պատասխանեց, որ պետականության շահի տեսանկյունից խնդիրներ լուծելու համար երբեք ուշ չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում