«Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հնագիտական պեղումները կշարունակվեն հոկտեմբերին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված դամբարանը կարեւոր տեղեկություններ է հաղորդում մ.թ.ա 18-րդ դարից մինչեւ մեր թվարկության 13-րդ դարն ընկած ժամանակահատվածի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հնագիտական պեղումների արդյունքներին նվիրված ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

«Այստեղ պեղումները սկսվել են 2014 թվականին: 2015 եւ 2016 թվականներին հիմնականում անցկացվել են չափագրման, լուսանկարահանման, տեղազննության եւ այլ աշխատանքներ: Այս տարի գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ձեռնարկեցինք պեղումները: Խնդիր կար հնագիտական համակողմանի ուսումնասիրության արդյունքում վեր հանել այս հուշարձանի պատկանելությունը, գոյատեւման ժամանակաշրջանը, մշակութային փոփոխությունները, որոնք այստեղ տեղի են ունեցել: Պեղումները ցույց են տվել, որ սա 18 մ տրամագիծ ունեցող կրոմլեխով եւ արեւմտյան կողմից դեպի տան բնախուց տանող ստորգետնյա ճանապարհով հետաքրքիր մի կառույց է: Կարելի է արեւմտյան կողմից 7 մ գետնի տակով մոտենալ դամբարանախցին եւ իջնել դրա մեջ, որը եւս շուրջ 7 մ երկարություն եւ 3 մ լայնություն ունի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Աշոտ Փիլիպոսյանի խոսքով՝ դամբարանախուցը պեղվել է շուրջ 2.5 մ-ի չափով, ապա մաքրվել, իսկ հայտնաբերված նյութերի հիման վրա կարելի է ասել, որ այստեղ

4 տարբեր շրջափուլերում իրականացվել են թաղման արարողություններ:

«Ամենահին նյութը, որ ունենք այստեղ, մոտավորապես մ.թ.ա. 18-17 դարերի միջին բրոնզեդարյա գունազարդ խեցեղեն բեկորներ են: Այստեղ նաեւ թաղումներ կատարվել են մ.թ.ա. 15-14 դարերում՝ ուշ բրոնզի շրջափուլում, 11-9 դարերում՝ վաղ երկաթե դարաշրջանում: Հետաքրքիր է, որ այս խցում ունենք նաեւ 5-4, ինչպես նաեւ 1-ին դարերի՝ հավանաբար մանկան թաղման փաստ: Ցավոք, դամբարանը հնում թալանվել է: Ծածկասալերի մի քանիսը կոտրվել եւ ընկել էին դամբարանախցի մեջ, այսպես ինչ-որ առումով պահպանվել են թալանումից պահպանված նյութը. մենք զգուշությամբ այդ ծածկասալերը բարձրացրել եւ աշխատանքներ ենք իրականացնել»,-ներկայացրեց Աշոտ Փիլիպոսյանը:

Դամբարանում նաեւ հայտնաբերվել են մոտ 5 արկղի չափով՝ կենդանիների ոսկորներ՝ հավանաբար խոշոր եղջերավոր անասունների, թռչունների եւ այլն:

«Հայտնաբերվել են նաեւ մեծ քանակությամբ երկաթե տեգեր, երկաթե կեռ դանակ, տասից ավելի բրոնզե ապարանջան, մատանիներ, ականջօղեր եւ կավից պատրաստված հուլունքահատիկներ: Սյունիքի այս հատվածը մեծ մշակութային կապեր է ունեցել իրանական հյուսիս-արեւմտյան շրջանների հետ, եւ դրա վկայությունը բաց դարչնաշագանակագույն ծորակավոր նյութի բեկորներն են: Նման նյութերից բավականին շատ են եղել Իրանի հենց այդ հատվածում»,-ասաց արշավախմբի ղեկավարը՝ հավելելով, որ հայտնաբերվել է չորս մարդկային գանգ, եւ հետագա ուսումնասիրությունների արդյունքում միայն պարզ կլինի տարիքն ու սեռը:

Ամփոփելով արդյունքները՝ Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ սա մի կառույց է, որն անկասկած պատկանել է սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող անձնավորության, ըստ երեւույթին, այստեղ տեղի են ունեցել մարդկային եւ կենդանական թաղումներ:

«Եվ մի հետաքրքրիր փաստ եւս. այն բանից, հետ երբ այն թալանվել եւ չի օգտագործվել որպես դամբարան, հավանաբար 12-րդ կամ 13-րդ դարերում՝ սելջուկների կամ մոնղոլների արշավանքների ժամանակ, ըստ ամենայնի՝ ծառայել է որպես թաքստոց շրջակա միջավայրի բնակիչների համար մոնղոլների կամ սելջուկների հարստահարություններից խուսափելու նպատակով»,-եզրափակեց նա:

Սա հնավայրի ընդամենը մի հատվածում իրականացված պեղումների արդյունքներն են, իսկ մյուս հատվածների պեղումները կշարունակվեն հոկտեմբերին:

Հայերեն English

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան