Պաշտոնական

Նախագահը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

2 րոպեի ընթերցում

Նախագահը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլսի 6-ին այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, ով առաջիկայում տեղափոխվելու է այլ աշխատանքի: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հերբերտ Զալբերին պաշտոնավարման ընթացքում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել նոր գործունեության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության հետագա զարգացման հեռանկարին: Նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Նախագահ Սարգսյանը հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Միության տարածաշրջանային «Մադադ» հիմնադրամի կողմից Հայաստանում ապաստանած սիրիացի մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար:

Սերժ Սարգսյանը և Հերբերտ Զալբերն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և վերջերս ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներին: Նախագահը մտահոգիչ է համարել, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը՝ մեծացնելով լարվածությունը և չանսալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է համարել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել լարվածության մեծացումից խուսափելու և դեպի բանակցային գործընթաց ճանապարհ հարթելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում