Այդ փաստաթղթերը մերկացնում են ահաբեկիչների զինող Ադրբեջանին. բուլղարացի լրագրողը պատժամիջոցներ է ակնկալում. բացառիկ հարցազրույց

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի աղմկահարույց հրապարակման առնչությամբ «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Գայտանջիևայի հետ:

-Ադրբեջանի կողմից անօրինական կերպով զենք-զինամթերք տարածելու, դրանք ահաբեկիչներին առաքելու վերաբերյալ կա՞ն այլ տեղեկություններ կամ փաստեր, որոնք Դուք դեռևս չեք տարածել, պատրաստվու՞մ եք դրանք որևէ հրապարակման միջոցով դարձնել հանրության սեփականությունը:

-Ես ստուգել և հրապարակել եմ իմ հետաքննության մեջ այն բոլոր տեղեկությունները, որոնք ստացել էի Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանությունից: Ես ոչինչ և ոչ ոքի չեմ խնայել: Որպես պատերազմական լրագրող, ես իմ սեփական փորձից եմ սովորել, որ ամեն պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: Ես ոչինչ չեմ թաքցրել կամ պատրաստվում թաքցնել կամ էլ խեղաթյուրել որևէ փաստ՝ կապված ոչ միայն Ադրբեջանի (տվյալ հետաքննության մեջ), այլ նաև բոլոր այն մասնակիցների հետ, որոնք զենք-զինամթերք են մատակարարել ամբողջ աշխարհի ահաբեկիչներին: Սիրիայում ես իմ աչքի առջև բազմաթիվ մեռնող քաղաքացիականների տեսա, որոնք տուժել էին ահաբեկիչներին տրամադրված հենց այդ նույն հրթիռներից, և որոնք ինչպես պարզվեց, դիվանագիտական չվերթների միջոցով էին տարածվել: Աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը: Սա ոչ թե միայն փողերի համար իրականացվող կեղտոտ բիզնես է, այլև սա բիզնես է՝ ուղեկցվող երեխաների և անմեղ մարդկանց մահով, և այն պետք է անմիջապես դադարեցվի:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի իշխանությունների կողմից նախաձեռնված այդ գործողությունները, որոնք ուղղված են ամբողջ աշխարհով մեկ ահաբեկչական գործողությունների իրականացումը խթանելու նպատակով անօրինական զենք-զինամթերքի տեղափոխման ու տարածմանը:

-Երբ ստացա այդ փաստաթղթերը, ես ապշած էի: Ես չէի կարողանում հավատալ, որ դա հնարավոր է, որ մի պետական ընկերություն դիվանագիտական չվերթների քողի ներքո զենքի տեղափոխում իրականացնի, ըստ երևույթին Ադրբեջանի ԱԳ նախարարության աջակցությամբ: Այդ փաստաթղթերը Ադրբեջանին մերկացնում են ողջ աշխարհով մեկ ռազմական հակամարտությունների խթանման համար զենքի միջազգային մատակարարման գործում: Այս սխեման, Ադրբեջանի իշխանություններին քաջատեղյակ լինելով, աշխատել է առնվազն 3 տարի, ինչն ահավոր և ապշեցնող է: Դա ոչ միայն տվյալ ընկերության կողմից իրականացվող գործունեություն է, այլև այդ գործում ակտիվ ներգրավվածություն ունեն հենց Ադրբեջանի իշխանությունները, որոնք, ինչպես փաստաթղթերն են բացահայտում, առնվազն 3 տարի իրականացրել են 350 դիվանագիտական չվերթ՝ դրանով քողարկելով զենքի միջազգային բեռնափոխադրումը:

-Ի՞նչ եք կարծում, ինչպես պետք է համաշխարհային հանրությունն ու ԶԼՄ-ներն արձագանքեն այս փաստաթղթերին և փաստերին, որոնք հստակ ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների եռանդուն մասնակցությունը զենք-զինամթերքի տարածման մեջ:

-Ես կոչ եմ անում համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, համաշխարհային ԶԼՄ-ին՝ դիմելու անհապաղ գործողությունների և հետաքննելու այդ փաստերը: Նրանք արդեն հեշտորեն ապացուցված են, և եթե հզոր ուժերն ազնիվ են և ցանկանում են պայքարել ահաբեկչության դեմ, նրանք պետք է դադարեցնեն զենքի մատակարարումը հենց այդ նույն ահաբեկիչներին, որոնց դեմ հավաստիացնում են, որ կպայքարեն: Ես խոսում եմ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի երեսպաշտության մասին. հենց նրանք են Ադրբեջանի դիվանագիտական չվերթների միջոցով մատակարարվող զենքի հիմնական օգտատերերը:

-Իսկ ի՞նչ եք կարծում Ադրբեջանի այսպիսի անօրինական քաղաքականության դեմ պատժամիջոցների մասին, որոնք նպատակ կունենան կանխել հետագա նմանատիպ գործունեությունը:

-ՄԱԿ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի այն բոլոր պետությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ահաբեկչությանն օժանդակելու գործում: Տխրեցնող է այն ճշմարտությունը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ մշտական անդամներն էլ ներգրավված են ահաբեկչությանն աջակցելու գործում: Նրանք դա անվանում են օգնություն չափավոր ընդդիմությանը: Սիրիայում ընթացող պատերազմը ես լուսաբանում եմ սկսած նրա մեկնարկից և 2014 թվականից ի վեր այնտեղ ոչ մի չափավոր ընդդիմություն չեմ տեսել: Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը չափավոր լինել, երբ այն ծանր զինված է և գլխատում է ժողովրդին:

Հարցազրույցը՝ Դավիթ Մամյանի

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում