Տնտեսություն

Վարդան Արամյանը տարեկան 5 տոկոս տնտեսական աճի ապահովումը հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր է համարում

2 րոպեի ընթերցում

Վարդան Արամյանը տարեկան 5 տոկոս տնտեսական աճի ապահովումը հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր է համարում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանի կառավարության կողմից տարեկան 5 տոկոս տնտեսական աճը որպես թիրախ սահմանելը համարում է հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր: Հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ կառավարությունը նոր ծրագրով առաջարկելու է տնտեսական աճի համար տարեկան թիրախ սահմանել 5 տոկոսը, նշեց, որ իրենք չեն վախենում իրենց առջև բարձր ցուցանիշներ դնելուց: «Գիտեք, որ մենք այս տարվա համար տնտեսական աճի նվազագույն շեմ ենք սահմանել 3.2 տոկոսը, որը պետք է իրագործենք: Սակայն մի քանի անգամ ասել ենք, որ դա բավարար չէ, որպեսզի կարողանանք մեր երկրում առկա սոցիալական խնդիրները լուծել: Որպեսզի կարողանանք լուծել այդ խնդիրները, պետք է հավակնենք ավելի մեծ տնտեսական աճի, ինչը մենք անում ենք: Կհաջողվի՞ դա մեզ, ցույց կտա ժամանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նախարարը:

Վարդան Արամյանն ընդգծեց, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ ապահովելու համար հարկավոր է լուրջ ջանքեր գործադրել: Անդրադառնալով ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, որ կառավարությունը նաև առաջարկելու է 5 տարվա կտրվածքով 25 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, նախարարը նշեց, որ դա վերցված է մայիսի 18-ին Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որում նա կառավարության առաջ նման հանձնարարական է դրել: «Ես կարծում եմ, որ հարկավոր է ուշադրություն դարձնել հանրապետության ղեկավարի ելույթի այն հատվածին, որում ներկայացվում է, թե ինչպիսին պետք է լինի մեր տնտեսությունը: Նախագահը խոսում է մեր տնտեսության մրցունակության մասին: Իսկ եթե մենք կարողանում ենք կառուցել մրցունակ տնտեսություն, դա իր հերթին հանգեցնելու է տնտեսական աճի: Իսկ եթե արձանագրում ենք տնտեսական աճ, չենք կարող մոռանալ սոցիալական խնդիրների մասին»,- եզրափակեց Վարդան Արամյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում