Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 14.06.2017

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 14.06.2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Այցի շրջանակում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:

2005թ. Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների: Նա 1930թ. Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար: Ամեն տարի այդ օրը աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Այսօր ՀՀ ազգային ժողովում առավոտյան կմեկնարկի արյունատվության ակցիա, որին որպես դոնոր՝ հրավիրվում են մասնակցելու բոլոր պատգամավորները: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Հունիսի 16-18-ը կանցկացվի «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ը: Այն կազմակերպել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովը: Այսօր ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի մանրամասներ ֆորումի մասին:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կանցկացվի քննարկում` «Հիշենք ԽՍՀՄ քաղաքական բռնությունների անմեղ զոհերին» խորագրով: Կներկայացվի Խորհրդային Հայաստանից 1949 թ. արտաքսված քաղաքացիների տվյալների շտեմարան: Միջոցառմանը կցուցադրվի նաև Խորհրդային Հայաստանում ստալինիզմի մասին բանավոր վկայություններով նկարահանված Զարեհ Ճգնավորյանի «Կոչեմ ապրողաց» ֆիլմը:

Երևանում է աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը: «Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հանդես կգա Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Այսօր Վլադիմիր Ֆեդոսեևը կհանդիպի լրագրողների հետ: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում