Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 12.06.2017

5 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 12.06.2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետարանում հրավիրվում է ավագանու նիստ: Նախատեսված է, որ նիստի ընթացքում տեղի է ունենալու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են ընթացիկ տարվա մայիսի 14-ին: Նոր ձևավորված ավագանու կազմում են Հայաստանի Հանրապետական, «Երկիր Ծիրանի» կուսակցությունների և «Ելք» դաշինքի ներկայացուցիչները:

Մերձավոր Արևելքում զարգացումները նոր ընթացք են ստանում: Կատարի շուրջ շարունակում է լարվածությունը պահպանվել, պաշտոնական Անկարան էլ հայտարարում է, որ այդ երկրում նախատեսվող ռազմաբազայում նաև ռազմական ինքնաթիռներ ու նավեր ուղարկելու մտադրություն ունի: Արաբական աշխարհում առկա նոր իրողնություններին, Թուրքիայի ակտիվությանը կանդրադառնա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա իր վերլուծությունները կներկայացնի նաև Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ:

Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կկայանա Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի մամուլի ասուլիսը:

Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը չի արձագանքում Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու հասարակական դիմում-պահանջին: «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկ անգամ ևս կանդրադառնան խնդրին: Նրանք տևական ժամանակ է դիմում են ներկայացրել Երևանի քաղաքապետարանին Լենինգրադյան փողոցն անվանակոչելու համար:

ՀՀ սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի կունենա Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ համահայկական մարզախաղերի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նշենք, որ համահայկական մարզախաղերը կայանալու են Երևանում հուլիսի 20-ից հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում: Հայրենի հողի վրա իրականացվող այս միջոցառումը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայ երիտասարդներին ոչ միայն մրցել տարբեր մարզաձևերում, այլև ամրապնդել իրենց հայկական արմատները:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի մանուկներ հիմնադրամի»՝ COAF ատենապետ Գարո Արմենը կստորագրեն համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորգրումից հետո Լևոն Մկրտչյանն ու Գարո Արմենը կներկայացնեն մանրամասներ սպասվող համագործակցության մասին:

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում կբացվի գեղանկարիչ Արմեն Վանցյանի (ՎԱՆՑ) անհատական ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 16-ը։

Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում այսօր Սուդանից Հայաստան վերադարձած երեք հայ բժիշկներ՝ Գևորգ Ոսկանյանը, Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը կհանդիպեն ԵՊՀ ուսանողների, երիտասարդների հետ։ Նրանք մեկնել էին Սուդան այնտեղ փոխարինելու «Ավրորա» 2017թ. մրցանակակիր Թոմ Քաթինային:

Հունիսի 16-18-ը կանցկացվի «Սայաթ-Նովա» փառատոնը: Այն կմեկնարկի Թբիլիսիում եւ կավարտվի Երեւանում: IDeA հիմնադրամի աջակցությամբ փառատոնը կանցկացվի նաեւ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում, որը վերականգնումից հետո վերաբացվել է 2015թ-ի հոկտեմբերին: Այստեղ՝ հունիսի 16-ին, հայ եւ վրացի երաժիշտները կներկայացնեն Սայաթ-Նովայի երաժշտությունը ոչ միայն անհատական կատարումների այլեւ համատեղ աշխատանքի միջոցով: Փառատոնին ընդառաջ այսօր նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացվեն մանրամասներ ծրագրի վերաբերյալ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում