Տնտեսություն

ՀՀ ԿԲ նախագահը արդյունավետ է գնահատում ԱՄՀ-ի և ՀԲ-ի հետ Հայաստանի 25-ամյա գործակցությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ նախագահը արդյունավետ է գնահատում ԱՄՀ-ի և ՀԲ-ի հետ Հայաստանի 25-ամյա գործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ԱՄՀ ևՀԲ Բելգիայի և Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ողջունելով հյուրերին, ԿԲ նախագահը նշել է, որ ուրախ է այս տարի հյուրընկալելու հանդիպման մասնակիցներին և հատուկ շնորհակալություն հայտնել Խորվաթիայի ազգային բանկի նախագահ Բորիս Վույչիչին՝ տարեկան հանդիպման անցկացման վայրը Հայաստան տեղափոխելուն աջակցելու համար:

Արթուր Ջավադյանը նշել է, որ արդեն 25 տարի Հայաստանի Հանրապետությունն արդյունավետորեն գործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ: Նա շեշտել է, որ այս տարիների ընթացքում այդ կազմակերպությունները նշանակալի դեր են խաղացել մեր տնտեսության զարգացման համար՝ աջակցելով և հանրային, և մասնավոր հատվածներին, ինչպես նաև բարձր գնահատել իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ ևՀԲ ցուցաբերած աջակցությունը:

ԿԲ նախագահը նշել է, որ ԱՄՀ ևՀԲ ենթախմբերի երկրների տարեկան հանդիպումները եղել և մնում են ընթացիկ նախագծերի քննարկման և նոր գաղափարների փոխանակման լավագույն հարթակներից մեկը:

Միջոցառման շրջանակում նախատեսվում են աշխատանքային քննարկումներ ընթացիկ տնտեսական հարցերի շուրջ:

Ավելի վաղ նիստի մասնակիցները հյուրընկալվել էին ՀՀ Նախագահի նստավայրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում