Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացման ծրագիրը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 57, դեմ՝ 23 պատգամավոր:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Նրա խոսքով՝ քանի դեռ իրենք չունեն հստակ պատկեր, թե ինչ արդյունքներ են տվել համայնքների խոշորացման փորձնական ծրագրերը, չեն կարող պատկերացում կազմել գործընթացի մասին, ուստի ներկայացված նախագծին չեն կարող կողմ լինել:
«Ծառուկյան» խմբակցության քաղաքական դիրքորոշումը քննարկված նախագծի վերաբերյալ հայտնեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա ընդգծեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը մասնակցելու է քվեարկությանը և դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ իրենք դեմ են առանց լուրջ վերլուծությունների Հայաստանի համար նման հեղափոխական քայլի գնալուն:
Համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք: Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագրեր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում: