Սպասվող լրահոս. 30.05.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 30-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Երևանում կանցկացվի «Եվրասիական ինտեգրում եւ հեռանկարներ. ներուժը եւ հնարավորությունները ԵՄ-ի եւ երրորդ երկրների համար» խորագրով գիտաժողով: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա շվեյցարացի աշխարհահռչակ գիտնական, առաջին արտարեգակնային մոլորակի հայտնաբերող, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին դափնեկիր պրոֆեսոր Միշել Մայորի մամուլի ասուլիսը: Նա կանդրադառնա արտարեգակնային մոլորակների ոլորտում ներկայիս զարգացումներին և հայ-շվեյցարական գիտական համագործակցությանը:

Առողջապահության նախարարությունն ու ֆրանսիական «Սանոֆի» ընկերությունն ընդլայնում են համագործակցությունը հոգեբուժության ոլորտում: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ֆրանսիական «Սանոֆի» ընկերության ներկայացուցիչները, Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախագահ Թոմ Կրեյգը, ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը կներկայացնեն մանրամասներ սպասվող նոր ծրագրերի մասին:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսել է դպրոցների օպտիմալացման գործընթաց: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ խոսքը վերաբերում է դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների ձեւավորմանը եւ քաղաքային դպրոցների վերախմբավորմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կներկայացնեն իրենց դիտարկումները դպրոցների օպտիմալացման գործընթացի մասին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքում կմարվի և շրջանառության մեջ կդրվի 1 նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային: Մարմանը ներկա կլինեն Արթուր Ալեքսանյանը, Օլիմպիական կոմիտեի և Հայփոստի ղեկավարությունը:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում են Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղերը: Արագածոտնի մարզում հյուրախաղերը կիրականացվեն Արագած համայնքում: Մարզաբնակ թատերասեր հասարակայնությանը կներկայացվի Ալ.Շիրվանզադեի «Ազգային գործիչը» ներկայացումը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում