Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 29.05.2017

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 29.05.2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր մայիսի 29-ն է` Խաղաղապահների միջազգային օրը: 2002 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում կայացրեց այն պաշտոնապես նշելու մասին: Օրվա առթիվ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում աշխահի տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը կհանդիպի լրագրողների հետ, կներկայացնի հայ խաղաղապահների անցած ուղին, ձեռքբերումները:

Ի՞նչ միտումներ են նկատվում Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, ի՞նչ խնդիրներ կան: Թեմային կանդրադառնան ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի սոցիալական աշխատող Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը:

Լրագրողների հետ կհանդիպի Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանը: Նա կներկայացնի Հայաստան, Արցախ, Սփյուռք աշխատանքների մասին Ռամկավար ազատական կուսակցության տեսակետը: Հիշեցնենք, որ 2006 թվականի ապրիլի 26-ին Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Այսօր հայտնի կդառնան «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագրում ներառված միջոցառումներն ու դրանց ժամանակացույցը: Ծրագիրը կներկայացնեն Երևանի քաղաապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն ու արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում բացառիկ միջոցառում է: Կհյուրընկալվի 2017-ի «Ավրորա» մարդասիրական մրցանակի հաղթողը: Դափնեկիրը դասախոսություն կանցկացնի Թումոյի ուսանողների և հանրության համար, ինչից հետո կպատասխանի ներկաների հարցերին։

Երևանի թիվ 12 մանկապարտեզում մամուլի ասուլիսով հանդես կգան հաղորդավար Ավետ Բարսեղյանն և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նրանք կխոսեն հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, ներկայացվելիք «7» նախագծի մասին։ «7» խորագիրը կրող կրթադաստիարակչական նախագիծը կյանքի է կոչվել Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան, որին ներկա կլինի հենց ինքը՝ աշխարհահռչակ շանսոնիեն: «Լա Բոհեմ» բալետային ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Բեմադրող խորեոգրաֆ և սցենարի հեղինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան: «Լա Բոհեմ» ներկայացման պրեմիերան ընդգրկված է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում