Հասարակական

Հերոս փնտրելու անհրաժեշտություն չկա, որովհետև Մոնթեի նմանները և նրա ոգին այստեղ ամենուր են

3 րոպեի ընթերցում

Հերոս փնտրելու անհրաժեշտություն չկա, որովհետև Մոնթեի նմանները և նրա ոգին այստեղ ամենուր են

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ղեկավարի պարկեշտությունը, պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ ու բարոյապես ամուր զինվորի դաստիարակության կարևոր նախապայմաններից են». Մոնթե Մելքոնյան

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 26-ին 89 շրջանավարտի համար հնչեց «Վերջին զանգը»: Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ վարժարանի պետ գնդապետ Վիտալի Ոսկանյանը: Շնորհավորելով շրջանավարտներին և ներկայացնելով վարժարանի պատմական ուղին՝ նա նշեց, որ շրջանավարտների 98 տոկոսն ուսումը շարունակելու են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում:

«Այսօր 25-ամյա մեր վարժարանը կյանքի նոր փուլ է ճանապարհում ևս մեկ սերունդ, ովքեր այնուհետև կերտելու են իրենց կյանքի նոր ճանապարհը: Ստեղծման օրվանից այս վարժարանն ավարտել են 1665 շրջանավարտ: Մեր շրջանավարտները զինված ուժերում զբաղեցնում են դասակի հրամանատարից մինչև կորպուսի հրամանատարի տեղակալների պաշտոններ: Անցնելով երկար ճանապարհ՝ մեր վարժարանը 23 տարում արձանագրել է բազում հաջողություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարժարանի պետը:

Ուսումնառության կապակցությամբ շնորհավորելով մոնթեականներին՝ նախարարի տեղակալն ասաց, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը բացառիկ է:

«Հերոս փնտրելու անհրաժեշտություն չկա, որովհետև հերոս Մոնթեի նմանները և նրա ոգին այստեղ ամենուր են: Ի սկզբանե ստեղծված լինելով որպես նախամասնագիտական հանրակրթական՝ վարժարանն անցած տարիներին հավատարիմ է մնացել իր կոչմանը: Իսկ ապագա սպա դառնալը լոկ միայն մասնագետ լինելը չէ: Սպան հայրենիքի պաշտպան է, իսկ հայրենիքի պաշտպանը իր մեջ պարունակում է ամենակարևորը արժանիքները»,- ընդգծեց Դավթյանը:

Այնուհետև վարժարանի սաները ցուցադրեցին ուսանելու տարիներին յուրացրած ձեռնամարտի հնարքները, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու իրենց ունակությունները, պարեցին ավարտական վալս և շարային քայլերթով անցան շարահրապարակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում