Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ընտանիքի անունից ձեռք է բերել աշխարհի ամենաերկար զիփլայնի տոմսեր
2 րոպեի ընթերցում
![Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ընտանիքի անունից ձեռք է բերել աշխարհի ամենաերկար զիփլայնի տոմսեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/05/892174.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում ամենաերկար զիփլայնի կառուցման այս կարևոր նախաձեռնությունը շուտով իրականություն է դառնալու:
«Այսօր իմ ընտանիքի անունից ես ձեռք բերեցի աշխարհի ամենաերկար զիփլայնի տոմսեր` այդպիսով ունենալով ներդրում ծրագրի իրականացման գործում: Կարծում եմ, որ աշխարհի մասշտաբով ռեկորդակիր այս նախագիծը էական հիմք կհանդիսանա սահմանամերձ Տավուշի մարզում տուրիզմի զարգացման, Ենոքավան համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքային կյանքի աշխուժացման համար: Կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը, որի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի էքստրեմալ տուրիզմի կենտրոն և մեր երկիրը առավել ճանաչելի դարձնել արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակՏիգրան Չիբուխչյանը հրապարակել է Կարեն Կարապետյանի նվիրատվության չափը՝ 1000 դոլար:
Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կկառուցվի աշխարհում ամենաերկար զիփլայնը: «Յելլ էքստրիմ Պարկ»-ի հիմնադիրը նախատեսում է 2018 թվականին բաժնետեր դարձնել բոլոր նրանց, ովքեր ներդրումներ կանեն նախագծի զարգացման համար։ Մայիսի 3-ին տրվեց Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի (crowdfunding) մեկնարկը։