Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 22.05.2017

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 22.05.2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 22-ին, Հայաստան է ժամանում Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունը։ Ժամանումից հետո պատվիրակության առաջին այցելությունը լինելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ապա՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Ադրբեջանի ֆինանսատնտեսական համակարգը լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Խոշոր բանկերից մեկը դադարեցրել է վճարումը վարկառուներին: Ադրբեջանի էներգետիկայի, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտում առկա խնդիրները ի՞նչ ազդեցություն կարող են թողնել ղարաբաղյան հարցի վրա: Թեմային կանդրադառնան ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:

Երևանում կանցկացվի «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեսահսկումը» թեմայով երկօրյա աշխատաժողով: Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը և ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդ, բժիշկ Թոմ Քաթինան հանդիպում կունենա բուհի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ, Թոմ Քատինային կշնորհվի բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է: Օրը առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու կենսաբազմազանության խնդիրներին: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը կներկայացնեն իրենց վերլուծությունները: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա արևային համակարգի ներդրման ծրագրի շնորհանդեսը, որին ներկա կլինի նաև ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը: Թատրոնում մինչև 25 տարի սպառման ժամկետով տեղադրված «Արփի Սոլար» արևային ֆոտովոլտային համակարգի արտադրած էլեկտրաէներգիան տարեկան մինչև 2 միլիոն դրամի ծախս կխնայի։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի անդրանիկ համերգը՝ ԱՊՀ մասնակից պետությունների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերի հայաստանյան դափնեկիրների մասնակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում