Արցախ

Լեհաստանի հայ համայնքը հայկական սփյուռքի բացառիկ դրսևորումներից է. դեսպան

6 րոպեի ընթերցում

Լեհաստանի հայ համայնքը հայկական սփյուռքի բացառիկ դրսևորումներից է. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի հայ համայնքը հայկական սփյուռքի բացառիկ դրսևորումներից մեկն է` իր հարուստ պատմությամբ և Լեհաստանի կյանքում ունեցած կարևոր դերակատարումներով: Հայերը Լեհաստանում ապրում են 650 տարուց էլ ավելի: Համայնքում այս տարի նշվող 650-ամյա հոբելյանը, որը համընկել է նաև Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի հետ, վերաբերում է Լեհաստանի պատմության երևելի թագավորներից մեկի` Կազիմիր Մեծի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական Գրիգոր Եպիսկոպոսին տրված բացառիկ արտոնություններով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանն` խոսելով Լեհաստանում հայ համայնքի դերակատարության մասին:

«Ի դեպ, դա միակ արտոնությունը չէ, որ հայերը ստացել են Լեհաստանի իշխանավորներից: Հայերը Լեհաստանում արտոնություն են ունեցել ունենալ առանձին ինքնավարություն, առանձին դատարան` հայերեն լեզվով, Մխիթար Գոշի Դատաստանագրքով և այլն: Իսկ թե ինչ դերակատարում են ունեցել հայերը Լեհաստանի պատմության մեջ, կարծում եմ, այն հրաշալի կերպով ներկայացվեց Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի կողմից, որն այս տարվա մարտի 29-ին Լեհաստանի Նախագահական պալատում կազմակերպել էր հատուկ ընդունելություն Լեհաստանի հայ համայնքի պատվին` 650-ամյա հոբելյանի խորհրդով»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Տարբեր աղբյուրներում հիշատակվում է Լեհաստանում ապրող 40.000-45.000 հայերի մասին: Նրանց թվում են ոչ միայն հարյուրամյակներով Լեհաստանում ապրող մեր հայրենակիցների ժառանգները, այլև այն հայրենակիցները, որոնք Լեհաստան են ժամանել վերջին 20-25 տարիների ընթացքում: Հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո տասնյակ հազարավոր հայեր ժամանել են Լեհաստան և ակտիվ գործունեություն ծավալել հիմնականում առևտրի բնագավառում: Հետագայում նրանց մի մասը նորից տեղափոխվել է Հայաստան կամ այլ երկրներ, իսկ մի զգալի մասը շարունակում է ապրել և աշխատել Լեհաստանում: Նրանք առավելապես ընդգրկված են առևտրի և գործարարության ոլորտներում: Քիչ չեն նաև արվեստի և մշակույթի, հասարակական գործիչները, որոնք կայացած անուններ և հեղինակություններ են լեհ հասարակական շրջանակներում:

«Հայազգի պատմական գործիչներից չի կարելի չհիշատակել Յադվիգա Զառուգևիչովային, ով հանդիսանում է Լեհաստանի բոլոր ժամանակների անհայտ զինվորի խորհրդանշական Մայրը, կամ Գժեգոժ Պիրամովիչին (Գրիգոր Փիրումյանին), ով Լեհաստանի Սահմանադրության հեղինակներից մեկն է (Լեհաստանի Առաջին Հանրապետության առաջին կրթության նախարարը), Թեոդոր Աքսենտովիչին` ճանաչված գեղանկարիչ, Կրակովի գեղարվեստի ակադեմիայի նախկին ռեկտորը և այլն: Հայազգի հեղինակավոր գործիչներ կան նաև մեր օրերում: Հայ և լեհ ժողովուրդների ընդհանուր հպարտություններից մեկն աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր, մաեստրո Քշիշտոֆ Պենդերեցկին է, որն ունի հայկական արմատներ, կամ ճանաչված հոգևորական և հրապարակախոս Տադեուշ Իսակովիչ–Զալեսկին, անվանի հեռուստալրագրող Ռոբերտ Մակլովիչը և այլն»,- նշեց դեսպանը:

Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը` համագործակցելով Լեհաստանի պետական և տեղական իշխանությունների, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև Լեհաստանում գործող հայկական կազմակերպությունների հետ` երբեմն անմիջական նախաձեռնություններով և մասնակցությամբ արդեն իսկ կազմակերպել է երկու տասնյակից ավելի միջոցառումներ` նվիրված Լեհաստանում հայ համայնքին տրված արտոնությունների 650-ամյակին, ինչպես նաև Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյաններին:

Դեսպանի խոսքով, այս տարվա ամենակարևոր իրադարձությունը Լեհաստանի Նախագահական պալատում տեղի ունեցած ընդունելությունն էր, որն ուներ պատմական մեծ նշանակություն:

«Մշակութային միջոցառումների առումով, առայժմ, թերևս ամենամեծ իրադարձությունը Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգներն էին Վարշավայում և Լյուբլինում` Լյուդվիգ վան Բեթհովենի անվան երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: Լեհաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվում են Հայկական օրեր, համերգներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ և այլն: 2017 թվականի մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը և Լեհաստանում ՀՀ դեսպանությունը համատեղ կազմակերպում են Լեհաստանի հայերի երկրորդ (ամենամյա) համաժողովը»,-տեղեկացրեց դեսպանը:

Միայն Լեհաստանում 2017 թվականի ընթացքում նախատեսված է անցկացնել հինգ գիտաժողով` նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը: Նմանատիպ մի գիտաժողով «Հայկական սփյուռքի արվեստը» խորագրով արդեն իսկ անցկացվել է Վարշավայի Կարդինալ Վիշինսկու անվան համալսարանում, ևս մեկ գիտագործնական քննարկում` Լեհաստանի Ժեշով քաղաքում: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի ընթացքում իրականացվել և նախատեսվում է կազմակերպել ավելի քան 50 տարաբնույթ հոբելյանական միջոցառումներ Հայաստանի և Լեհաստանի տարբեր քաղաքներում, որոնց արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում