Հասարակական

Սփյուռքի նախարարն ընդունել է շվեդահայ ճանաչված գրող Սյուզան Խարդալյանին

3 րոպեի ընթերցում

Սփյուռքի նախարարն ընդունել է շվեդահայ ճանաչված գրող Սյուզան Խարդալյանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 3-ին ընդունեց շվեդահայ ճանաչված գրող, կինոգործիչ Սյուզան Խարդալյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը ողջունեց սփյուռքահայ գործչին, կարևորեց նրա հայանպաստ գործունեությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայ դատի խնդիրների վրա գրավելու, նաև համամարդկային թեմաների միջոցով հայկական հարցերը աշխարհի ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ: Նա մասնավորապես նշեց. «Հայոց ցեղասպանության թեման եղել և շարունակում է մնալ և՛ պատմության, և՛ հոգեբանության, և՛ արվեստի կիզակետում: Պարտավոր ենք պատմական հիշողությունը փոխանցել հաջորդ սերունդներին այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Հայ Դատի խնդիրը, քանի դեռ չի կատարվել հայ ժողովրդի արդար պահանջը: Սյուզան Խարդալյանը Ցեղասպանության ամենազգայուն թեմաներից մեկին է անդրադարձել՝ հայ կնոջ տառապանքներին, պայքարին ու դժվարին ճակատագրին: Իր ողջ կյանքը նա նվիրել է Հայ Դատի պաշտպանությանը, և արել է համոզմունքով, հավատով: Հայ Դատի մարտիկները մեր ժողովրդի սերուցքն են և արժանի են մեր երախտագիտությանը, դրվատանքին, սիրուն: Սիրով ուզում եմ այդ սերն ու երախտագիտությունը փոխանցել Սյուզան Խարդալյանին և պարգևատրել նրան մեր նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով»:

Սյուզան Խարդալյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի ու բարձր գնահատանքի համար և հավելեց. «Գնահատանքի խոսքը, որ Հայրենիքից է գալիս, ավելի թանկ է: Շնորհակալ եմ: Մի բան կարող եմ խոստանալ, որ գործս շարունակելու եմ, իմ էությունը սա է: Պատմությունը տղամարդիկ են գրում, և դրա համար էլ քիչ են նշվում կանանց հերոսությունները: Կանանց հետ կապված թեմաները զգայուն են, և տղամարդիկ խուսափում են արծարծել Եղեռնի տարիներին կանանց տառապանքներին առնչվող թեմաները»:

Այնուհետև հայտնի լրագրողն ու կինոգործիչը պատասխանեց ներկաների հարցերին:

Սյուզան Խարդալյանը կրթությամբ լրագրող է, սովորել է Բեյրութի ու Փարիզի համալսարաններում:Նա ավելի քան 3 տասնյակ ֆիլմերի հեղինակ է, այդ թվում՝ «Ատում եմ շներին», «Երիտասարդ Ֆրոյդը Գազայից», «Տատիկիս դաջվածքները» «Վերադարձ դեպի Արարատ»:

Նրա վերջին ֆիլմերից «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմն անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը, որում արծածվում է ցեղասպանությունը վերապրած, ամոթի ու տառապանքների միջով անցած, դաջված կանանց թեման: Ֆիլմը ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նաև՝ եվրախորհրդարանում, և մեծ հնչեղություն ստացել հասարակության լայն շրջաններում: «Մեծ մորս դաջվածքները» դիտել է 300 միլիոն մարդ է դիտել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում