Հասարակական

Ucom-ի տնօրենն այցելել է սահմանամերձ Ոսկեպարի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

3 րոպեի ընթերցում

 Ucom-ի տնօրենն այցելել է սահմանամերձ Ոսկեպարի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոբոտաշինությունը և ծրագրավորումը ոչ միայն ինձ հետաքրքիր են, այլև կիրառելի են կյանքի բոլոր բնագավառներում», - պատմում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Ադամ Ալիբեկյանը խմբակի աջակից՝ Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին:

Սահմանամերձ Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Երեխաներն ինքնուրույն փորձում են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլև տպել տարբեր առարկաներ, խաղեր ծրագրավորել, անիմացիաներ ստեղծել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Խմբակը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տղաների, այլև աղջիկների շրջանում: «Ընդամենը մեկ տարի է, ինչ հաճախում եմ այս խմբակը, և արդեն սովորել եմ աշխատել «Աղվես» ծրագրով ու բազմաթիվ խաղեր եմ գրել», - ասում է նույն լաբորատորիայի սան Իրինա Նասիբյանը:

«Ճիշտ է, ցանկանում եմ դառնալ բժիշկ, սակայն այստեղ սերտած գիտելիքներն ինձ ապագայում շատ պետք կգան: Հիմնականում խաղեր ենք ծրագրավորում, իսկ այս պահին նույնիսկ մրցութային առաջադրանք ենք ստացել Ղազարոս Աղայանի «Երջանիկ խրճիթն» անիմացնելու համար», - պատմում է Ոսկեպարի «Արմաթ» լաբորատորիայի սան Տիգրան Աղբալյանը:

«Մեր ընկերությունը կարևորում է մարզերում և մասնավորապես սահմանամերձ գյուղերում երեխաների ներգրավվածությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի կրթական նախագծերում: Այստեղ սովորող երեխաների սակավությունը թույլ է տալիս ընտրել լավագույններից լավագույններին ու ստանալ այնպիսի արդյունք, որը կարող է կիրառելի դառնալ ռազմաարդյունաբերության մեջ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող «Արմաթ» խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում