Արցախ

Դեսպան Միքայել Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

Դեսպան Միքայել Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված արարողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանը ապրիլի 23-ին ներկա է եղել Հռոմի Սան Բարտոլոմեո եկեղեցում կազմակերպված միջոցառմանը, իսկ ապրիլի 24-ին` Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում: Հիշատակի արարողությանը մասնակցել է նաև Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Սեպեն: Նա Իտալիայի Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու կամարների ներքո Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ձոնված խաչքարի մոտ աղոթք է հղել առ Աստված: Եկեղեցու տարածքը զարդարող խաչքարը Հին Ջուղայի ամենագեղեցիկ խաչքարի կրկնօրինակն է: Այն կերտվել է 1,5 տարվա ընթացքում՝ ամբողջովին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից ավերված Հին Ջուղայի մշակութային արժեքը:

Նեապոլում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հիշատակի արարողությանը եկեղեցու խորանի մոտ են եղել նաև Գրիգոր Լուսավորչի կամ, ինչպես իտալացիներն են կոչում, Սուրբ Գրիգոր Հայի մասունքները, որը եկեղեցում վերազետեղվել է 2015թ. ապրիլի 11-ին՝ Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի կապակցությամբ. հանդիսավոր այդ արարողությանը կարդինալ Սեպեն ներկաներին դիմել է «Բարի գալուստ Նեապոլ: Սա նաեւ հայերի տունն է» հայերեն ողջույնով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում