Սպասվող լրահոս. 24.04.2017

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Լրանում է Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված եղեռնագործության 102-րդ տարելիցը: Բազմահազար մարդիկ, այդ թվում սփյուռքահայեր, օտարերկրյա հյուրեր, վաղ առավոտից այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին:

Հիշատակի միջոցառումներ են նախատեսված նաև բազմաթիվ երկրների հայկական համայնքներում: Տարբեր քաղաքներում նախատեսված է ջահերով երթ, պատարագ, բողոքի ակցիաներ թուրքական դեսպանատների մոտ:

Երևանում կանցկացվի «1915 թվական֊ի կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին կհաջորդի քննարկում Աննա Ալեքսանյանի հետ: Նա Քլարկ համալսարանի` Հոլոքոստի և Ցեղասպանությունների ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ է: Ֆիլմը 2016 թվականի արտադրության է, այն Հայաստանում դեռ չի ցուցադրվել։

«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա երջանկահիշատակ Քըրք Քրքորյանի նախաձեռնած Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակմամբ մամուլի ցուցադրությունը: Լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով: Երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն է, նա աջակցել է ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգի` «Սարի սիրուն յար»-ի, ժամանակակից ներկայացմանը:

«Նարեկացի» արվեստի միությունում կանցկացվի «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը հանդես կգան՝ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը և իր ղեկավարած երգչախումբը, «Փարոս» երգչախումբը, «Նարեկացի», «Նովա» նվագախմբերը, «Նժդեհ» պարախումբը, ինչպես նաև կցուցադրվի Գարեգին Աղաբեկյանի լուսանկարները:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Համահայկական նվագախմբի համերգը, որով կոգեկոչվի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Նվագախումբը համերգային ծրագրերով հանդես կգա աշխարհի հայաշատ գաղթօջախներում: Այս տարի նախագծին կմասնակցեն աշխարհի 20 այլ երկրների շուրջ 45 քաղաքներից 70 հայ պրոֆեսիոնալ երաժիշտներ: Նվագախմբի մյուս 20 երաժիշտները կլինեն Հայաստանից: Ապրիլի 24-ի համերգին կկատարվեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում