Հասարակական

ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդը և ԱՄՆ Հանրային կառավարման ազգային ակադեմիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդը և ԱՄՆ Հանրային կառավարման ազգային ակադեմիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի (ՔԾԽ) և ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավաստագրված, ԱՄՆ Կոլումբիայի վարչական շրջանի օրենքներով գործող Հանրային կառավարման ազգային ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության փոխըմբռնման հուշագիր: Այն ուղղված է քաղաքացիական ծառայության կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, թափանցիկության և հաշվետվողականության միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու շրջանակում քաղաքացիական ծառայողների թիրախային վերապատրաստումների իրականացմանը, կատարողականի գնահատման գործիքների և վերապատրաստման նյութերի մշակմանն ու կատարելագործմանը, հակակոռուպցիոն չափորոշիչների կիրառման և վերահսկման իրավական շրջանակի առավել հստակեցմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի բաժնից:

Համապատասխան այս սկզբունքներին՝ քայլեր կձեռնարկվեն ՀՀ ՔԾԽ-ի կողմից ներկայացվելիք առաջարկությունների իրականացման ուղղությամբ: Նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր՝ կապված քաղաքացիական ծառայության բարեվարքության սկզբունքների ամրապնդման, ծառայողների հակակոռուպցիոն ընկալման խորացման, որակավորման բարձրացման, վերապատրաստման գնահատման, բարձր որակավորմամբ և մոտիվացմամբ, անձնական բացառիկ բարոյական նկարագիր ունեցող դիմորդներին մասնագիտական պաշտոններում ներգրավման մեխանիզմների մշակման հետ: Ակադեմիան օժանդակություն կցուցաբերի նաև կոռուպցիան առավել սահմանափակելուն միտված քաղաքացիական ծառայության օրենսդրության ուժեղացման նախաձեռնություններին:

Հուշագիրը, որը գործողության կոնկրետ ժամկետներով սահմանափակված չէ, Վաշինգտոնում ստորագրել են ԱՄՆ Հանրային կառավարման ակադեմիայի նախագահ, գլխավոր տնօրեն Թերեսա Վ. Գերթնը և ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի կողմից լիազորված՝ ՀՀ ՔԾԽ անդամ Վաչե Քալաշյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում