Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 07.04.2017

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 07.04.2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր ապրիլի 7-ն է` Մայրության և գեղեցկության օրը: Երևանի քաղաքապետարանը տոնի առթիվ հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների համար: Անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին կդիմավորեն ծաղիկներով ու շնորհավորական բացիկներով: Օրվա ընթացքում անակնկալներ են սպասվում նաև մայրաքաղաքի փողոցներում, Երևանի մետրոպոլիտենում: Կանայք և աղջիկները ժամը 12:00-19:00-ը կարող են այցելել նաև Ազատության հրապարակ՝ դառնալով «STR» ՀԿ հետ համատեղ անցկացվող ավտո-մոտո թյունինգ շոուի մասնակիցը: Ժամը 18:00-20:00-ն Հյուսիսային պողոտայի միջնամասում տեղակայված բեմահարթակում կկազմակերպվի համերգային ծրագիր: Ժամը 19:00-ից էլ Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ կմիացվեն շատրվանները, որոնք կներկայանան ամբողջությամբ նոր երգացանկով, ինչը կուղեկցվի հաճելի անակնկալներով: Ապրիլի 7-ին և կանանց միամսյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ ժամը 19:00-21:00-ն կանցկացվի գալա համերգ:

Երևանի Սիրահարների այգում ՀՀ պաշտպանության նախարարությունը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ կազմակերպել է տոնական համերգ ՀՀ ՊՆ «Զորական», ԶՈՒ ԳՇ երգի-պարի համույթների, հայ անվանի կատարողների մասնակցությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր: Այս տարի օրվա թեման «Դեպրեսիան» է, իսկ կարգախոսը` «Եկ խոսենք»: Այդ առթիվ այսօր առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը կկազմակերպի հանդիպում լրագրողների հետ:

Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը և Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը Մայրության և գեղեցկության տոնի, Առողջության համաշխարհային օրվա առթիվ կհանդիպեն լրագրողների հետ: Նրանք կներկայացնեն օրվա խորհուրդը, կանդրառնան հայ կնոջ ավանդական ու ժամանակակից կերպարին:

Երևանում կանցկացվի ֆլեշմոբ՝ նվիրված մայրության և գեղեցկության օրվան: Այն կազմակերպում է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա»-ն Ժամը 16:00-ից սկսած՝ ասոցիացիայի անդամները Կարապի լճի հարակից տարածքում ծաղիկներ և շնորհավորական բացիկներ կնվիրեն տարեց կանանց:

Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը գանձարանի պատմության մեջ առաջին անգամ կցուցադրի ազգային պահուստի պատմամշակութային արժեքները:

Երևանում կանցկացվի Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող Բյուջետային աջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողով։ Ներկա կլինի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում