4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը: Այս մասին հարցը ներառված է այսօր` ապրիլի 6-ին կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում: Աշխատանքային օրվա փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ապրիլի 17-ին` Սուրբ Զատիկին հաջորդող օրը, մեռելոց է: Տվյալ օրը ոչ աշխատանքային սահմանելով` հնարավորություն է տրվում, որ քաղաքացիները տոնից հետո այցելեն ննջեցյալներին:
Թեպետ խորհրդարան չանցած քաղաքական ուժերի կողմից հանրահավաքներ, բողոքի ցույցեր չկան, և, ըստ էության, հետընտրական ընթացքը բավական հանգիստ է, միևնույն է քաղաքական գործիչները, փորձագետները շարունակում են քննարկել ընտրությունների արդյունքները: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը կներկայացնեն իրենց դիտարկումները և ակնկալիքները նոր խորհդարանից:
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն էլ կներկայացնի իր վերլուծություններն այն մասին, թե ԱԺ ընտրությունների գործընթացն ինչպե՞ս անդրադարձավ երկրի տնտեսության վրա: Նա կխոսի հետընտրական շրջանում սպասվող տնտեսական փոփոխությունների հեռանկարներներից:
Ի՞նչ գնաճային միտումներ են նկատվում սպառողական շուկայում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը կներկայացնի փետրվար-մարտ ամիսների գնաճի ցուցանիշները:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կենտրոնի և ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ կբացվի սերբ գեղանկարիչ Միրյանա Տոմաշևիչի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Միրյանա Տոմաշևիչի ստեղծագործությունները հարում են «գրաֆիկայի բելգրադյան դպրոց» անվանվող ուղղությանը:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կանցկացվի հանդիպում «Հայ հերոսուհի կանայք» գրքի հեղինակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի հետ: Գրքում ներկայացված են 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը պատերազմներին մասնակցած և հերոսացած կանանց պատմությունները: Միջոցառմանը ներկա կլինեն գիտության և արվեստի կին գործիչներ, ինչպես նաև արցախյան հերոսամարտի մասնակից կանայք: Միջոցառման պատվավոր հյուրն է Արցախի ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:
ՀայԱրտ մշակութային կենտրոնում կկայանա «Կնոջ գույնը» խորագրով ցուցահանդեսի բացումը: Մասնակցում են շուրջ 20 նկարչուհի՝ 35 աշխատանքով: Ծրագրում՝ կերպարվեստի ցուցահանդեսի բացման արարողություն է և համերգային ծրագիր՝ գարնանային երգերով:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում: