Տնտեսություն

Տարեկան 1000 տոննա մագնեզիումի ստացման հայ գիտնականների նոր տեխնոլոգիան սպասում է ներդրողների

4 րոպեի ընթերցում

Տարեկան 1000 տոննա մագնեզիումի ստացման հայ գիտնականների նոր տեխնոլոգիան սպասում է ներդրողների

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գիտնականների կողմից մշակված «Մագնեզիումի արտադրության նոր տեխնոլոգիայի» ծրագիրը նախատեսում է մագնեզիումի ստացման արդյունավետ մեթոդներից մեկը, որը բացառիկ է ամբողջ աշխարհում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը նշեց, որ ներդրումային ծրագիրը մշակվել է «Էկոատոմ» ընկերության կողմից: Նրա խոսքով` ծրագրի միջոցով հայ գիտնականներն առաջարկում են մագնեզիումի ստացման նոր տեխնոլոգիա:

«Ընկերությունը ցանկանում է տարեկան 1000 տոննա մագնեզիում արտադրող գործարան ստեղծել: Կարծում եմ` հազար տոննան քիչ չէ: Աշխարհում մագնեզիում շատ քիչ վայրերում են ստանում: Մեր գիտնականների կողմից ներկայացված տեխնոլոգիան նաև նոր լուծումներ է առաջարկում այդ ոլորտում: Կան մի քանի տարբեր մեթոդներ մագնեզիում ստանալու, սակայն, ըստ մեր գիտնականների, իրենց առաջարկած մեթոդն ամենաարդյունավետներից է: Նրանց հաշվարկներով այս ծրագիրը կարող է լինել բավականին շահութաբեր: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 6 մլն դոլար է, իսկ եկամտաբերությունը տարեկան 18 տոկոս է, ինչն, իմ կարծիքով, լավ ցուցանիշ է»,- ասաց Լալայանը:

Ծրագիրը ներկայացված է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նախաձեռնած ներդրումային հարթակում և սպասում է ներդրողների: Նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետի տեղեկացմամբ` ծրագրով հետաքրքրվողներ շատ են եղել: Դրանով նույնիսկ նախկինում են շատ հետաքրքրվել, սակայն ինչ-ինչ պատճառներով դեռևս չի իրականացվել: Լալայանի տեղեկություններով՝ խնդիրներն ավելի շատ տեխնիկական են եղել, որոնք առաջացել են մասնավոր ընկերությունների միջև: Իսկ հետաքրքրվողների շրջանակը լայն է, չնայած, որ հիմնականում դրանք արտասահմանյան ընկերություններ կամ անհատներ են:Վահագն Լալայանի դիտարկմամբ` այն ընկերությունները, որոնք այս ոլորտից հասկանում են`գիտակցում են, որ սա յուրահատուկ ոլորտ է: «Ամեն ներդրող այս ծրագրով չի հետաքրքրվի, հարկավոր է գոնե մի փոքր հասկանալ դրանից»,- հավելեց նա:

Մագնեզիումն օգտագործվում է մետալուրգիայում, էլեկտրոնիկայում, ավիաշինարարության մեջ, տիեզերական տեխնոլոգիաների մեջ:

Մագնեզիումի համաձուլվածքները ամենաթեթև կառուցանյութեր են, որոնց գլխավոր սպառողները ինքնաթիռաշինությունն և ավտոմեքենաշինությունն են։ \

Մագնեզիումի աղերն օգտագործում են կոսմետիկական և ատամի մածուկների արտադրության մեջ, ռենտգենյան ախտորոշման, առնետներիոչնչացման միջոցների, ներկերի և գունանյութերի արտադրության մեջ:

Մագնեզիումի կենսաբանական նշանակությունը նույնպես էական է։ Բժշկության մեջ, որպես դեղամիջոց, օգտագործում են մագնեզիումի սուլֆատը, օքսիդը և կարբոնատը։ Այդ մետաղն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար։ Մարդու օրգանիզմը պարունակում է մոտ 25 գ մագնեզիում, որի մեծ մասը գտնվում է ոսկորներում։ Մարդը մագնեզիում է յուրացնում բանջարեղենի միջոցով. բոլոր կանաչ բույսերը պարունակում են քլորոֆիլ, առանց որի անհնար էֆոտոսինթեզը:

«Էկոատոմ» ընկերությունը գործունեություն է ծավալում արդեն քսան տարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում