Քաղաքականություն

Ամեն ինչ անելու ենք, որ սահմանները լինեն անձեռնմխելի. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց քաղաքացիական պարտքը

2 րոպեի ընթերցում

Ամեն ինչ անելու ենք, որ սահմանները լինեն անձեռնմխելի. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց քաղաքացիական պարտքը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրության քվեարկությանը եկել էր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում Նախագահն ու Առաջին տիկինը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նախագահ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս մտածել է, որ խաղաղությունից թանկ բան չկա. «Ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմաններին հանդարտություն լինի և սահմանները լինեն անձեռնմխելի»:

Նախագահը ի պատասխան շանսերը գնահատելու մասին հարցին նշեց, որ շանսեր գնահատելու ժամանակը չէ, քվեներ ստանալու ժամանակն է:

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցում են քաղաքական 9 ուժեր, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:

ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 28 հազար 277 է: Ընտրական տեղամասեր գործուղվել են ոստիկանության 197 ծառայողներ: Ազգային ժողովի ընտրությունները կլուսաբանի 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և 55 դիտորդական կազմակերպություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում