Տնտեսություն

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի երկրորդ փուլին ՀՀ մասնակցությունը կլինի ավելի ընդգրկուն

8 րոպեի ընթերցում

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի երկրորդ փուլին ՀՀ մասնակցությունը կլինի ավելի ընդգրկուն

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի երկրորդ շրջափուլին ուղղված 54 մլն եվրո բյուջեն ծրագրի մասնակից 8 երկրներից որևէ մեկի մասով առանձին չի բաժանվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի ինչպես և առաջին փուլում, որն իրականացել էր 2007-2013 թվականներին, երկրորդ փուլում ևս հիմնական շահառու 8 երկրներ են համարվել Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Թուրքիան, Ռումինիան, Մոլդովան, Հունաստանը և Ուկրաինան: Մելքոնյանի տեղեկացմամբ` նախապատրաստական փուլում պոտենցիալ շահառու կարող էր լինել նաև Ադրբեջանը, բայց քննարկումների արդյունքում զարգացումներն այնպես ընթացան, որ նա դուրս մնաց համագործակցության այս ծրագրից, չնայած ուներ Թուրքիայի աջակցությունը:

«Քանի որ այստեղ համագործակցության գաղափարն է, իսկ Ադրբեջանն այդքան էլ հակված չէր դրան` մենք քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգմանը, որ այդ երկիրը դուրս մնա համագործակցության այս ծրագրից»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող այս ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ շահառուները կարող են լինել պետական և ոչ պետական մարմինները, ինչի արդյունքում հնարավորություն է տրվում համագործակցության փաթեթներ ձևավորել նրանց միջև: Գարեգին Մելքոնյանը նաև նշեց, որ Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում մի քանի անգամ իրականացրել են ծրագրի մանրամասն իրազեկվածությանն ուղղված միջոցառումներ, որոնցից մեկը տեղի կունենա մարտի 14-ին Երևանում, իսկ հաջորդը կիրականացվի Երևանից դուրս՝ մարտի 16-ին:

«Մեր նպատակը հանրությանը հնարավորինս իրազեկելն է, որպեսզի կառույցներն ու կազմակերպություններն առավելագույնս օգտվեն այս ծրագրից: Մենք շուրջ մեկ տարի է ակտիվորեն այս թեմայի շուրջ բարձրաձայնում ենք: Ծրագրին հայտեր ներկայացնելու տեսանկյունից կազմակերպությունները սահմանափակումներ չունեն` դաշտը բաց է ցանկացած կազմակերպության համար: Ծրագրին ուղղված 54 մլն եվրոն որևէ երկրի մասով առանձին բաժանում չունի: Այսինքն` այն երկիրը, որը եղավ ավելի ակտիվ, տեղեկացված, մասնագիտացված, պատրաստ, նաև մրցակցային ծրագրեր իրականացնելուն ունակ, ապա այդ երկիրն առավել շատ կշահի»,-ընդգծեց փոխնախարարը:

Այս ծրագրի մասով, որպես պատասխանատու մարմին, ընտրված է Ռումինիայի էկոնոմիկայի նախարարության ներքո ստեղծված համապատասխան ստորաբաժանումը: Հայտեր ներկայացվելու են էլեկտրոնային տարբերակով` ծրագրի համապատասխան այդ կառույցին:

Մելքոնյանն իր ունեցած տեղեկություններով նշեց, որ ծրագրին դեռևս հայտեր չեն ներկայացվել: Նրա խոսքով` վերջին շրջանում նկատվել են գաղափարներ և ծրագրեր ներկայացնելու ակտիվություն ու հետաքրքրվածություն հայկական կառույցների կողմից: Ըստ փոխնախարարի` ներկայացված ծրագրերի հայտերի թվի մասին հնարավոր կլինի խոսել ժամկետը լրանալուց հետո, քանի որ շատ ծրագրեր կարող են լրացվել բառացիորեն վերջին օրերի ընթացքում, իսկ ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:

Անդրադառնալով Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի առաջին շրջափուլին` փոխնախարարն ասաց, որ Հայաստանը ներկայացված է եղել 22 ծրագրերում և դրանցից շատերի առարկայական արդյունքը վերջին տարիների ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների կողմից ներկայացվել է հասարակությանը: Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ հաջողված նախագծեր, սակայն համագործակցության այս ծրագիրը դեռևս նորություն էր: Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ երկրորդ փուլում այս ծրագրին Հայաստանի ներգրավվածությունը կլինի ավելի ընդգրկուն և դրանք կլինեն ավելի մրցակցային, ինչի արդյունքում առավել շատ ծրագրեր հնարավոր կլինի հաղթել և բերել Հայաստան: Փոխնախարարը նաև հավելեց, որ նախագծերը պետք է համագործակցության գաղափարի վրա հիմնված լինեն և դրանց առաջարկները նախատեսեն ծրագրի շահառու հանդիսացող 2-3 երկրների ներգրավմամբ: «Այսինքն, ծրագիրը չպետք է նախատեսված լինի միայն մեկ երկրի համար: Հենց դրանում է կայանում գաղափարը, որ այն պետք է հիմնված լինի համագործակցության վրա»,- նշեց Գարեգին Մելքոնյանը:

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի 2007-2013 թվականների ընթացքում անցկացված առաջին շրջափուլի բյուջեն կազմել էր 27 մլն եվրո: Առաջին շրջափուլի ժամանակ շահառու են համարվել 8 երկրներ` Հայաստան, Վրաստան, Բուլղարիա, Թուրքիա, Ռումինիա, Մոլդովա, Հունաստան, Ուկրաինա: Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլը մեկնարկել է 2017թ.-ի հունվարի 31-ին, իսկ դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 31-ը: Ծրագրային առաջարկների ներկայացման մեկնարկը բաց է Ծրագրի բոլոր թեմատիկ նպատակների և առաջնահերթությունների համար: Ծրագրի նպատակներ են` խթանել գործարարությունը և ձեռներեցությունը Սևծովյան ավազանում, ինչպես նաև խթանել Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանության համակարգումը և ծովային աղբի արտանետման համատեղ կրճատումը:

Առաջնահերթություններից է` համատեղ խթանել գործարարությունը և ձեռնարկատիրական գործունեությունը՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 500 հազարից 1.5 մլն եվրոյի շեմում: Առաջնահերթություն է նաև բարձրացնել անդրսահմանային առևտրի հնարավորություններն ու արդիականացումը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 300 հազարից 700 հազար եվրոյի շեմում:

Բարելավել շրջակա միջավայրի համատեղ դիտանցումը (մոնիտորինգ), Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 500 հազարից 1 մլն եվրոյի շեմում:

Խթանել ընդհանուր հանրային իրազեկումը և գետերի ու ծովային աղբի նվազեցմանն ուղղված համատեղ գործողությունները: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 300 հազարից 1 մլն եվրոյի շեմում:

Ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլում Ծրագրի երկու թեմատիկ նպատակների իրականացման համար ԵՀԳ ընդհանուր բյուջեն կազմում է 54 մլն եվրո: ԵՀԳ ներքո տրամադրվող դրամաշնորհը կկազմի ծրագրի ծախսերի 92%-ը (յուրաքանչյուր առաջատար և ծրագրի գործընկերոջ համար): Ազգային համաֆինանսավորումը պետք է կազմի ծրագրի ծախսերի առնվազն 8%-ը, հաշվարկված յուրաքանչյուր առաջատար և ծրագրի գործընկերոջ բյուջեին համապատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում